Իրանի իշխանությունները պատրաստվում են երկրի մի շարք շրջաններ կորոնավիրուսից ազատ գոտիներ հռչակել: Այս մասին նախօրեին Թեհրանում հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին: Նրա խոսքով՝ այս հարցում կառավարությունը խստորեն հետևելու է առողջապահության նախարարության հրահանգներին:
«Երկու շաբաթից, եթե այս կամ այն շրջանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չարձանագրվեն, նոր վարակակիրներ չհայտնաբերվեն, առողջապահության նախարարությունն այդ տարածքը կարող է հռչակել այսպես կոչված սպիտակ գոտի: Երկրի մյուս շրջանները կբաժանվեն դեղին և կարմիր գոտիների», - հայտարարում էր Ռոհանին:
Իրանի նախագահի խոսքով, երկրի իշխանությունները նաև մտադիր են վերաբացել մզկիթները` թույլ տալով ուրբաթօրյա աղոթքների անցկացումը:
Իրանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ այս պահի դրությամբ երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելի քան 90 հազար է, 5 հազար 700 մարդ մահացել է: Անցած շաբաթ, կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազմանը զուգահեռ, Իրանի կառավարությունը վերացրեց նախկինում ներդրված սահմանափակումների մի մասը: Մասնավորաբար վերաբացվել են խանութները, շուկաները և զբոսայգիները: