Հյուսիսային Կորեայի մամուլն այսօր տարածել է երկրի ղեկավար Կիմ Չոն Ունի` աշխատավորներին հղված ուղերձը: Երկրի խոշորագույն շինարարություններից մեկում աշխատող բանվորներին ուղղված շնորհավորանքի տեքստը հրապարակել է «Նոդոն Սինմուն» պաշտոնաթերթը:
Ուղերձը հրապարակվել է Կիմ Չոն Ունի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին տեղեկությունների ֆոնին: Նախօրեին Հարավային Կորեայի մամուլը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին Կիմ Չոն Ունը սրտի վիրահատության է ենթարկվել, որից հետո բուժման կուրս է անցնում Փհենյանից դուրս գտնվող իր ամառանոցներից մեկում:
Ամերիկյան մի շարք աղբյուրներ, վկայակոչելով արբանյակից կատարված լուսանկարները, պնդում են, որ Կիմ Չոն Ունին տեղափոխող զրահապատ գնացքը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է ծովափնյա Վոնսան քաղաքի երկաթուղային կայարանում: