Գործողության խթան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեկվանից նախաձեռնել է նոր կորոնավիրուսի դեմ գլոբալ համակարգված ծրագիր, որի նպատակն է արագացնել COVID-19 հիվանդության բուժմանն առնչվող գործընթացները:
Խոսքը հնարավոր վակցինա գտնելու, մեկանգամյա թեստերի փաթեթներ, տեխնոլոգիական այլ սարքավորումներ ստեղծելու և արտադրելու մասին է:
ԱՀԿ-ի երեկվա խորհրդակցությունը վիրտուալ տարբերակով է տեղի ունեցել:
Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ ԱՀԿ-ի համար պատիվ է կորոնավիրուսի դեմ պայքարում ստանձնած այս նոր առաքելությունը:
Ծրագրի վերնագիրն է Access to COVID-19 Tools Accelerator, հապավումով՝ ACT Accelerator, ստացվում է «Գործողության խթան»: Հենց այդ անունը, կարծես, ինքնին մի լրացուցիչ դինամիկա է հաղորդում նախաձեռնությանը:
Գեբրեյեսուսն ասել է, որ առանցքը կլինի հետազոտությունների ու պայքարի մեթոդների զարգացումը:
ՄԱԿ-ի համակարգում գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարվա հունվարից աշխատում է ամբողջ աշխարհի գիտական կենտրոնների, պետական և մասնավոր ինստիտուտների հետ:
Նախաձեռնությանը միացել է առողջապահության ոլորտում նորարար մեթոդներ մշակող UNITAID միջազգային հաստատությունը, որը լուրջ գործունեություն է ծավալել թոքախտի, մալարիայի, ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուսի), հեպատիտի, պապիլոմա վիրուսների և այլ հիվանդությունների բուժման գործում:
Մյուս գործընկեր կառույցը նույն խնդրով զբաղվող Global Fund-ն է (Համաշխարհային հիմնադրամ):
Բացի այդ, ԱՀԿ-ի այս նոր նախաձեռնությանը միացել են Welcome Trust անկախ միջազգային բարեգործական հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամը:
Երեկ օնլայն հարթակում ծրագրի հիմնադիր խորհրդաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, պետական և հանրային այլ գործիչներ ու գիտնականներ:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ ծրագրի նվաճումները պետք է հասանելի լինեն աշխարհի բոլոր մարդկանց:
«Անցյալի մեր փորձը վկայում է, որ նույնիսկ երբ մեխանիզմները հասանելի էին, դրանք այնուամենայնիվ մատչելի չեն եղել հավասարապես բոլորի համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բան կրկնվի», - ասել է ԱՀԿ ղեկավարը:
Վիրուսը Նյու Յորք է հասել ոչ թե Չինաստանից, այլ Եվրոպայից
Կորոնավիրուսից առավել տուժած երկիրը հիմա Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվածների թիվը մոտեցել է 926 հազարին, զոհերի թիվն անցել է 52 հազարը:
Առավել ծանր կացություն է Նյու Յորքի նահանգում, որտեղ վարակվել է շուրջ 264 հազար բնակիչ, և մահացել է մոտ 21 հազար հիվանդ:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի փոխանցմամբ, հետազոտությունների արդյունքները վկայում են, որ կորոնավիրուսը նահանգ է հասել ոչ թե Չինաստանից, այլ Եվրոպայից:
Նա ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ուշացումով է կայացրել արտասահմանից ժամանումներն արգելելու որոշումը, քանի որ վիրուսն այդ ժամանակ արդեն սկսել է տարածվել:
Կուոմոն վկայակոչել է Northeastern-ի համալսարանի մասնագետներին, ովքեր ասում են, թե Նյու Յորքում արդեն կար առնվազն 10-ը հազար վարակված անձ այն պահին, երբ մարտի 1-ին պաշտոնապես գրանցվել է ախտահարման առաջին դեպքը:
Կուոմոյի համոզմամբ, ամենայն հավանականությամբ վարակը տարածող աղբյուրը ժամանել է Իտալիայից:
«Այդ կորոնավիրուսը, այդ գրիպի վիրուսը Նյու Յորք Չինաստանից չի հասել, Եվրոպայից է եկել», - ասել է նահանգապետը:
Նա համոզված է, որ Թրամփն ընդհանուր հաշվով ճիշտ է արել, փակելով Չինաստանից ժամանողների մուտքը, բայց դա այլևս ուշ էր:
«Էլ ինչ պետք է լիներ, երբ սկսել ենք գործել Չինաստանում համավարակի բռնկումից երկու ամիս հետո: Էդ վիրուսն ինչ է՝ մե՞զ էր սպասում, գնացքն արդեն շարժվել էր, սա կարծես այն պահն է, երբ դանդաղ ռեժիմով դիտում ես գնացքի վթարի մասին սարսափելի ֆիլմ: Մենք Չինաստանի առջև փակել էինք շքամուտքը, սակայն բաց էր մնացել ետնամուտքը՝ Իտալիայից, Եվրոպայից չվերթները հունվարին և փետրվարին շարունակվել են», - ասել է նահանգապետը:
Ախտահարումների թիվն անշեղորեն մոտենում է երեք միլիոնի
Ամբողջ աշխարհում այսօր՝ ապրիլի 25-ին, Երևանի ժամանակով 15:00-ի դրությամբ, կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտեցել է 2 միլիոն 838 հազարին, մահացել է ավելի քան 197 հազար 700 մարդ, ապաքինվել է ավելի քան 809 հազար հիվանդ: