Մատչելիության հղումներ

Բոլորովին անսպասելի չէր, որ Թրամփը խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը. Ռիչարդ Կիրակոսյան


Բոլորովին անսպասելի չէր, որ չնայած անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները՝ Ներկայացուցիչների պալատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ Սենատը՝ միաձայն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր էին ընդունել, այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը, ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Բայց կա նաև դրական կողմ, Թրամփի հայտարարությունը ստիպեց, որ նրա մրցակից Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը ավելի ուժեղ հայտարարություն հնչեցնի Ցեղասպանության վերաբերյալ: Եվ ես չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկին պետք է, որ ԱՄՆ որևէ նախագահ մեզ ասի այն, ինչն արդեն պատմական փաստ է: Կապ չունի, դա Օբաման էր, որից հիասթափվեցինք, թե Թրամփը: Ցեղասպանություն բառը օգտագործում են, թե ոչ, դա նրանց խնդիրն է, ոչ թե մերը։ Սա ավելի շատ ամերիկյան վարչակարգերի բարոյական նկարագրի մասին է խոսում», - ասաց Կիրակոսյանը։

Հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նկատում է՝ չնայած արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություն շարունակում է մնալ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ մշտապես են տարվում, ակնհայտ է, որ շրջադարձային փոփոխություններում մեծ դեր ունի քաղաքական նպատակահարամությունը:

«Ես կարծում եմ՝ ընդհանրապես պետք է դուրս գանք այն բարդույթից և անընդհատ սպասումով չապրենք, թե որևէ գերտերության ղեկավար ինչ եզրույթ կօգտագործի, որովհետև մեծ հաշվով թե՛ Ամերիկան և թե՛ հիմնական նաև եվրոպական գերտերությունները ընդունել են Ցեղասպանության փաստը, ընդունել են շատ երկրներ անգամ Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք: Սա շատ ավելի կարևոր է, քան թե ինչ եզրույթ կօգտագործվի», - նշեց Աբրահամյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով ևս Հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ է, առավել կարևորում է ցեղասպանության ճանաչման հարցում նախորդ տարում ԱՄՆ-ի կատարած քայլերը, և Սպիտակ տան ղեկավարի անունից ուղերձներ հղելու ավանդույթը: Նկատում է՝ շատ ամերիկյան փորձագետներ ուղերձի մեջ օգտագործվող «Մեծ Եղեռն» տերմինը համարժեք են համարում «ցեղասպանություն» տերմինին։

«Հայտարարության մեջ օգտագործվել է Մեծ եղեռն ձևակերպումը, ինչը շատ ամերիկացի փորձագետներ ասում են, որ դա նույն բանն է ըստ էության, ուղղակի մենք հայերեն բառերն ենք օգտագործում: Ավելին ասեմ՝ դրանից ոչ մի ակնկալիք չունեմ և միշտ էլ չեմ ունեցել, դրանով ոչ մի բան աշխարհում չի փոխվելու: Իմ տեսլականն այլ է Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ, դա կապված է ուժեղ Հայաստան ստեղծելու հետ, ոչ թե սպասել՝ ով է ցավակցում, ով է նշում, ով չի նշում», - ընդգծեց Մարուքյանը:

Պատգամավորները գտնում են, որ հաշվի առնելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամային իրավիճակը, թե՛ միջազգային հանրության մոտ և թե՛ լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանությանը վերաբերող անդրադարձերը բավարար են։

XS
SM
MD
LG