Մատչելիության հղումներ

Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 81-ով՝ հասնելով 1677-ի


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվն աճել է՝ եթե ուղիղ յոթ օր առաջ մեկ օրվա ընթացքում բացահայտվել էր 41 հիվանդ, ապա երեկ արդեն այս թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 81-ի։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով, դեպքերի թիվը հասել է 1677-ի։ Երեկ ևս մեկ մարդ է մահացել, այսպիսով՝ համավարակը Հայաստանում արդեն 28 մարդու կյանք է խլել։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեկ մահացած 71-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 75-ով և հասել է 803-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 846 մարդ:

Երեկ 790 թեստ է անցկացվել, ընդհանուր առմամբ մարտի 1-ից ի վեր իրականացվել է 17 հազար 342 թեստավորում:

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցն «Ազատության» հետ զրույցում կոչ արեց շարունակել մնալ տանն ու պահպանել նախարարության մշակած անվտանգության կանոնները։

«Այդ թիվը, որ ընտրվել է մեր երկրում՝ մինչև մայիսի առաջին 10 օրը, կարծում եմ, դա ճիշտ է: Ինչքան մենք հիմա գիտակցելով ճիշտ պահպանենք սոցիալական մեկուսացման կանոնները, և իսկապես ես չեմ հոգնում կրկնել՝ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, այնքան մենք կապահովենք այդ հիվանդության արագ պլատոյի ձևավորմանը և լավացմանը: Այսինքն՝ ինչքան մենք վատ պահպանենք, և հիվանդության էքսպոտենցիալ աճը շարունակվի, էդքան ավելի ուշ հնարավոր կլինի նորմալ կյանքի վերադառնալ», - ասաց նախարարության ինֆեկցիոն գծով խորհրդատուն:

Կորոնավիրուսով վարակվածների աճը Սարգսյանցը պայմանավորեց նաև կանոնները չպահպանելու հետ։

«Արդեն այս հիվանդության ժամանակ էլ մեկ անգամ ևս վերահաստատվեց, նամանավանդ այս հիվանդության հետ կապված երևաց, որ սոցիալական մեկուսացմամբ պահպանումն ազդում է վարակի տարածման վրա, միանշանակ է դա երևում: Ինչքան այն երկրները կամ այն տարածքները, որտեղ այդ կանոնները ավելի խիստ են պահպանվում, դա անկասկած աճի տեմպերի վրա ազդում է», - նշեց Նարինա Սարգսյանցը:

Մյուս կողմից, ըստ մասնագետի, ստեղծված իրավիճակում աճը բնորոշ երևույթ է, երբ տեղի դեպքերին ավելանում են նաև բերովի դեպքերը։ Վերջին օրերին ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից և Թուրքիայից Հայաստանի կառավարության աջակցությամբ վերադարձան այդ երկրներում գտնվող հայաստանցիները։

«Մյուս կողմից աճն անկասկած նաև բնորոշ երևույթ է, որովհետև, եթե երկրում բերովի դեպքերից հետո սկսում են արդեն տեղական դեպքերը, դա կոչվում է կլաստերային փոխանցում, դրան սովորաբար, երկրների մեծ մասում այդպես է եղել, սկսում է հաջորդել էքսպոտենցիալ աճը: Այսինքն՝ սկսում է սկզբնական շրջանում հիանդացությունն արագ աճել, եթե նայենք այդ կորին, կորը սկսում է արագ աճել», - նշեց նա:

Հետագայում շնորհիվ մեկուսացման միջոցառումների, հիվանդության կորը կնվազի, ասում է Առողջապահության նախարարության ինֆեկցիոն գծով խորհրդատուն։

«Պլատոյի փուլը սովորաբար երկար չի տևում, եթե այդ կորերը նայենք, այն երկրներում, որտեղ ավելի շուտ է եղել հիվանդությունը, իրանք այդ բոլոր փուլերն անցել են: Մենք մոտավորապես հիմա, եվրոպական երկրների հետ է համընկնում մերը, կարծում եմ՝ մենք դուրս են գալիս պլատոյի փուլ, որից հետո արդեն սկսելու է հիվանդացությունը նվազել», - ասաց Սարգսյանցը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը չբացառեց, որ այսօր երեկոյան Մարալիկ և Ձորակապ համայնքների արդեն մեկ շաբաթ փակված մուտքերն ու ելքերը բացվեն։ Պարետի որոշմամբ դրանք մինչև ապրիլի 25-ը փակվել էին Մարալիկի առողջության կենտրոնում բուժաշխատողների շրջանում վարակի տարածման պատճառով։

70 հոգանոց բուժանձնակազմից կորոնավիրուսով էր վարակվել 20 բուժաշխատող։ Այս համայնքներում վիրուսից մահացել է 3 մարդ։ Վարակի աղբյուրը չի բացահայտվում։

«Շատ ընդգրկունության խնդիր միանգամից առաջին փուլով չի առաջացել, այսինքն՝ հիվանդների հետ, հիվանդանոցի աշխատակիցների, անձնակազմի հետ դրանից հետո դեպքերի քանակը, և այնտեղ նաև պոստ ունենք, որ անմիջապես նմուշառում է կատարում, երբ որ դրա կարիքը կա: Այս պահին շատ ավելի բան պատկեր է ցույց տալիս, բայց մենք սպասում ենք նաև մեր ՀՎԿԱԿ-ի պատասխանատուների ամբողջական մոտեցման ներկայացմանը, որը հավանաբար այսօր օրվա կեսով կներկայացնի այս մի շաբաթվա իրավիճակը, և արդեն իրենց մասնագիտական եզրակացության վրա համապատասխան մոտեցումը կքննարկվի ու որոշում կընդունվի», - ասաց մարզպետը:

Շարունակում է փակ մնալ նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը, որտեղ կորոնավիրուսով է վարակվել 56 մարդ, այդ թվում՝ բուժաշխատողներ։ Պարետի որոշումը ուժի մեջ է մինչև ապրիլի 28-ը։

Վարդենիսում մոտ 700 քաղաքացի ինքնամեկուսացված է, ավելի վաղ «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ըստ մարզպետի, երբեմն դժվարություններ են ունենում, երբ քաղաքացիներին համոզում են մեկուսանալ։

«Որոշակի դժվարություններ երբեմն լինում են մեր քաղաքացիների հետ կապված հյուրանոցներ տեղափոխվելու [հետ], մի մասը դժվարություն ունի, հաշվի առնելով գարնան գյուղատնտեսական աշխատանքը, երբեմն ասում են՝ «ինչպես գնանք, բա մեր հողամասը» և այլն, բայց նաև խնդրում ենք, համոզում ենք, բացատրում ենք, որ իրավիճակը հասկանալի է, և հարազատները, բարեկամները կօգնեն գյուղատնտեսական աշխատանքներում, իրենց առողջությունից ելնելով անհրաժեշտ է մեկնել այլ վայր», - նշեց Սանոսյանը:

Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով, Լեռնային Ղարաբաղում հիվանդ է 8 մարդ։ 4 հիվանդ արդեն բուժվել է, մեկուսացված է 17 մարդ։ Ղարաբաղում թեստավորվել է 195 հոգի, բարեբախտաբար մահվան դեպքեր չեն գրանցվել։

XS
SM
MD
LG