Մատչելիության հղումներ

Խարկով գյուղում՝ Անիի ավերակների դեմ դիմաց բարձրացվեց ամենամեծ եռագույնը


Հայ-թուրքական սահմանին գտնվող ու ընդամենը մեկ բնակիչ ունեցող Խարկով գյուղում՝ Անիի ավերակների ուղիղ դեմ դիմաց այսօր բարձրացվեց ամենամեծ եռագույնը:

Նախաձեռնությունը մոսկվայաբնակ հայ գործարար ընկերներինն էր: Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընկերները 4 օր առաջ են այցելել սահմանամերձ գյուղ ու իմանալով, որ այն տարիների ընթացքում դատարկվել է, որոշել են դրոշ ու խաչքար տեղադրել։

«Ցանկությունը միշտ եղել է, բայց տեղի ընտրությունը ստացվել է պատահական: Որ օրը եկել ենք տեսել ենք, կանգնել ենք այստեղ, նայել ենք, ասել ենք՝ սա պետք է լինի, դա եղել է 4 օր առաջ: Ամեն ինչը սարքվել է երեք օրվա մեջ», - ասաց մոսկվայաբնակ գործարար Հակոբ Ասլանյանը:

Ընկերները չբացառեցին, որ այս նախաձեռնությունը կարող է շարունակություն ունենալ այլ սահմանամերձ համայնքներում:

«Պետք է ունենանք, տենց կարելի է ասել, որ դա պետք է անենք: Ես կոչ եմ անում բոլոր հայերին, ով որ բնակվում է ոչ Հայաստանում, որ մի փոքր հնարավորություն ունեցաք, այնպես արեք, որ մեր հայ ազգը շատ հզորանա: Սա է մեր ուժը, դուրսը մեր ուժը չի», - ասաց Ասլանյանը:

Ընկերներից մեկն էլ նշեց. «Պետք է իմանան, որ սա է մեր հողը, մենք կարանք տարբեր երկրներում բնակվենք, աշխատենք, զարգանանք, բայց առաջինը պետք է զարգացնենք մեր հայ հողը»:

Ավելի վաղ Խարկովի խոնարհված եկեղեցու մոտ ավելի փոքր չափով եռագույն էր տեղադրել Անի ավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը: Ծնունդով խարկովցի Միրոյանն ասաց՝ սահմանի գյուղն առանց դրոշի չի պատկերացնում։

«Գյուղն առանց դրոշի ո՞նց կարելի է պատկերացնել, երբ որ քո ազգի սիմվոլն է դա», - ասաց Մարտիրոս Միրոյանը:

Անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է սահմանային ուղեկալը տեղափոխելու գործընթաց սկսել։ Խարկովից Անիի ավերակները տեսնելու համար պետք է ունենալ ռուս սահմանապահների թույլտվությունը։ Եթե տեղի ուղեկալը հանվի, մարդիկ կկարողանան առանց հատուկ թույլտվության տեսնել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական մայրաքաղաքը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կորոնավիրուսով պայմանավորված բարդ տնտեսական իրավիճակը թույլ կտա՞ իրականացնել այդ մտադրությունը:

«Տնտեսական իրավիճակը նոր ավելի բան լուծումներ է նաև պահանջելու, և ես վստահ եմ, որ Անիի տարածաշրջանում այսպիսի գործողությունները վստահաբար կարող են նաև տնտեսական ակտիվության շատ լավ նոր դաշտ լինել, որովհետև պարզ է, որ բացի հոգևոր, բացի մշակութային, բացի նաև ազգային կոմպոնենտներից ինքն իր հետ նաև տնտեսական շատ կարևոր գործոն է հանդիսանալու: Այդ հարցը ոչ միայն մնում է, ինքը նաև զարգացման փուլում է նախնական հաշվարկային աշխատանքներ են այս պահին իրականացվում», - պատասխանեց մարզպետը:

Գործընթացը հնարավոր է սկսվի օրենսդրական կարգավորումների ու անվտանգության հարցերի հստակեցումից հետո։

«Մի քանի ներդրողներ թե՛ տեղում, թե՛ արտերկրյա ներդրողներ հետաքրքրվեցին իրենց տարբեր մոտեցումներով, իհարկե, սկսած Խարկով բնակավայրն ավելի բան բնակավայր դարձնելու, մարդկանց համար քոթեջային շատ հետաքրքիր միջավայրով, որը նաև մշակութային կոմպոնենտ էր, վերջացրած տրանսպորտային հանգույցների հարթակներ դիտելու, տուրիստական այլ կոմպոնենտների, էս բոլոր կոմպոնենտներն այս պահին առկա են», - նշեց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին դրոշի տեղադրմանը, մարզպետն այն պահանջատիրության հստակ ուղերձ համարեց:

«Բացի այն, որ Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլն է, նաև մեր պահանջատիրության շարունակական սիմվոլն է: Այս տեսանկյունից հենց այստեղ շատ բարձր բանով, ինքը նաև ցույց է տալիս մեր ուղերձը համայն աշխարհին և, իհարկե, նաև մեր հարևանին», - ասաց Տիգրան Պետրոսյանը:

XS
SM
MD
LG