Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից տնտեսության վերականգնումը կընդգրկվի ԵՄ 7-ամյա բյուջեում


Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Բրյուսել, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Բրյուսել, արխիվ

Եվրամիության լիդերները կառույցի գործադիր մարմնին՝ հանձնաժողովին կոչ են արել անհապաղ կազմել կորոնավիրուսից տուժած միության տնտեսական վերականգնման ծրագիր: Այդ մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը:

«Մենք վերահաստատում ենք միասնաբար առաջ շարժվելու հստակ վճռականությունը, մենք քննարկել ենք համավարակը հակազդելու Եվրոպայի պատասխանը և ողջունել ենք COVID-19 հիվանդությունը զսպելուն ուղղված Եվրոպայի միացյալ ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է սահմանված միջոցառումների թուլացում: Մենք վերահաստատում ենք, որ առաջնահերթությունը մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է», - ասել է Շարլ Միշելը:

Նրա փոխանցմամբ, Եվրամիության լիդերները հանձնաժողովից ակնկալում են տնտեսության վերականգնման ծրագիրը ներառել 2021-2027 թվականների բյուջեում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ 7 տարվա բյուջեն պետք է ավելացվի և ընդգրկի տնտեսության վերականգնումը:

«Հանձնաժողովը կստանա ֆոնդերը մեծացնելու և բյուջեի հատկացումների խողովակներով դրանք անդամ երկրներին տրամադրելու հնարավորություն», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գումար պետք է նշվի ԵՄ ապագա բյուջեում, սակայն որոշ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, խոսքը, հավանաբար, 1 տրիլիոնից 1,5 տրիլիոն եվրոյի մասին է:

Կորոնավիրուսից առավել տուժած երկրներից Իտալիան հայտարարել է, թե նպատակահարմար կլիներ, որ հատակցումները տրամադրեն ոչ թե վարկերի, այլ դրամաշնորհի եղանակով:

Սակայն Եվրամիության հարուստ երկրները, մասնավորապես, Ավստրիան, նշում են, որ դա «ֆինանսական առումով անպատասխանատու քայլ կլիներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG