Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքով, նյութերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս գործով դեռևս մեղադրյալ չկա։
Ըստ Քննչական կոմիտեի, չարաշահումներն արձանագրվել են հայկական երկաթուղու համակարգը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելուց հետո։ Տրանսպորտի նախարարությունը աուդիտորական ընկերության հետ կնքել է պայմանագիր, ըստ որի նախարարությանն է ներկայացվել 2008-2013-ին ընկերության գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել են ընկերության ֆինանսական գործունեության հետ կապված մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում՝ 428 միլիոն դրամի չկատարված շինարարական աշխատանքներ:
Սակայն, ըստ իրավապահների, աուդիտորական հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական չարաշահումների մասին տրանսպորտի նախկին փոխնախարարը լռել է:
Հարավկովկայսան երկաթուղու խոսնակ Ռուբեն Գրձելյանը «Ազատությանը» փոխանեցեց, թե քանի դեռ նախաքննություն է ընթանում, այս գործի վերաբերյալ մանրամասներ չի կարող հաղորդել։ Բայց նաև տեղեկացրեց, որ այդ տարիներին «Հարավկովկասյան երկաթուղու» հետ աշխատանքը համակարգում էր Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։
«Ես կարող եմ ուղղակի հաստատել, որ աուդիտ է անցել ընկերությունը 2015 թվականին ու, հավանաբար, հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեի խոսքը այդ աուդիտի մասին է։ Ավել բան այս պահին չեմ կարող ասել, քանի որ քննություն է գնում, քրեական գործ է հարուցված, և ճիշտ կլինի ավարտից հետո, ասենք քննության, նոր անդրադառնանք։ Մանավանդ, որ մենք էլ տեղակացել ենք պրես ռելիզի տեսքով, ոչ թե պաշտոնական մեզ տեղյակ է պահվել այդ գործի վերաբերյալ։ Դրա համար այս պահին կարող եմ այդքանը [ասել]», - ասաց Ռուբեն Գրդձելյանը։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե նախկին իշխանությունների օրոք իրենք բազմաթիվ անգամ էին հայտարարել, որ կոռուպցիան խեղդում էր Հայաստանը:
«Կոռուպցիայի համաթվով մշտապես պատկերը բավականին տխուր էր։ Իհարկե, ավելի վատ երկրներ էլ կային, բայց նայում ենք համաթվի մեծությունը, ընդ որում, դա 2003-ից էական փոփոխությունների չի [ենթարկվել], հիմնականում տատանվել է ինչ-որ արժեքի շուրջ։ Բացառության մի երկու երևի կարճ ժամանականհատվածից, երբ որ մի փոքր վատացավ իրավիճակը։ Ընդհանուր առմամբ դա նախ այնպիսի արժեք էր, որ դա արդեն վկայում էր վատ իրավիճակի մասին՝ նույն համակարգային կոռուպցիայի լայնատարած, լայնածավալ մասշտաբներ, և դա ինչ-որ տարօրինակ բան չի, որ հիմա այդպիսի բաներ սկսում եմ.....։ Այդպիսի բաներ հայտնաբերվում են արդեն իշխանափոխությունից հետո», - նշեց Վարուժան Հոկտանյանը։
Բացի հատուկ քննչական ծառայություն ուղարկված տրանսպորտի փոխնախարարի գործից կա նաև այլ քրեական գործ, որը քննում է քննչակն կոմիտեն։ Այն առնչվում է «Հարավկովկասյան երկաթուղում» չարաշահուներին և հարկային իրավախախտումներին։
«Հարավկովկասյան երկաթուղին» դեռ նոյեմբերի 21-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվել է 30 մլն դրամի չափով տուգանք։