Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ցավակցականում մասնավորապես ասված է. «Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ»:
«Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանել իր հետագա դասախոսական և գիտական-վերլուծական աշխատանքներում:
Արտաքուստ մեղմ և ընկերական,նա ճշգրիտ և սկզբունքային էր խոսքի և գործի մեջ:
Ռուբենի հետ ինձ կապում էր ուսանողական տարիներից սկսած բարեկամությունը և ընկերությունը, շատ հարցերում մեր հայացքների ու գնահատականների նմանությունը:
Նա մեզնից հեռանում է մի տարիքում, երբ արդեն կուտակել էր փորձ, գիտելիքներ ու միջազգային ճանաչում, որոնք ծառայեցնում և դեռ երկար տարիներ կարող էր ծառայեցնել Հայրենիքին:
Հազար ափսոս: Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին:
Անդառնալի կորստի այս ծանր պահին իմ և Նունեի կողմից խորապես ցավակցում եմ Ռուբենի տիկնոջը, զավակներին և բոլոր հարազատներին», - ասված է նախագահի ցավակցական ուղերձում: