Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո»-ից վտարված հայաստանցիները հուսով են, որ 1-2 օրից կվերադառնան հայրենիք


Երեկ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մոտ 120 հայաստանցիների Ռուսաստանի իրավապահները հրահանգել են դուրս գալ օդանավակայանի շենքից և Մոսկվա - Երևան հատուկ չվերթներին սպասել այլ վայրերում։

«Դոմոդեդովո»-ում այս օրերն անցկացրած Տիգրան Մնացականյանը «Ազատությանը» պատմեց, որ իրենց դուրս էին հրավիրել մեկ ժամով՝ իբր շենքում ախտահանում կատարելու համար․ - «Էկան իրանց մոտի անվտանգության աշխատողները, մեզ խնդրեցին, թե դուրս էկեք, մի ժամ դրսում սպասեք, հետո ներս կգաք։ Հետո հելան դուրս, ասեցին գնացեք։ Մենք էլ գնացել ենք»։

Նա ասաց, որ մարդիկ տեղավորվել ենք իրենց ուժերով։ Հարցին, թե արդյոք օգտվել են հյուրանոց տրամադրելու դեսպանության առաջարկից, արձագանքեց․ - «Չէ, ես դեսպանության առաջարկած հյուրանոցներից հրաժարվել եմ, ու մենք մեր ռեսուրսով»։

Մնացականյանն ասաց, թե հուսով են, որ վաղը, մյուս օրը կկարողանան վերադառնալ Հայաստան․ - «Կոնկրետ սպասում ենք դեսպանի զանգին։ Դեսպանը կզանգի կոնկրետ կհասկանանք»։

Ռուսաստանից Հայաստան ապրիլին իրականցվել է հինգ հատուկ չվերթ, երեքը՝ Մոսկվայից, երկուսը՝ Կրասնոդարից և Դոնի Ռոստովից՝ հայրենիք բերելով մոտ հազար հայաստանցիների։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի բացառում, որ լինեն նոր հատուկ չվերթներ։

Արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 14 ից սկսած, Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Այս պահին արտերկրում գտնվող 1283 քաղաքացի է դիմել Հայաստան վերադառնալու համար:

Համաճարակի տարածումը Ռուսաստանում դեռ չի հասել գագաթնակետին, և երկրի իշխանությունները կարող են երկարաձգել գործող խիստ կարանտինը մինչև մայիսի կեսը կամ անգամ վերջը։

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է 5 հազար 642 վարակման նոր դեպք, մահացել է 51 մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ 52 հազար 763 վարակակիր կա, որոնցից ապաքինվել են 3 հազար 873-ը։ Համաճարակի սկզբից ի վեր մահացել է 456 մարդ։

XS
SM
MD
LG