Մատչելիության հղումներ

Թրամփը ներկայացրեց ԱՄՆ-ի տնտեսությունը վերաբացելու իր ծրագիրը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 16-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 16-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ-ի տնտեսությունը, առևտուրը վերաբացելու Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը երեք փուլից կազմված, եռաստիճան պլան է: «Մենք միանգամից ամեն ինչ չենք բացում, այլ զգուշավորությամբ, քայլ առ քայլ»,- ասել է նա Սպիտակ տանը ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսում:

Թրամփի ուղեցույցի առաջին փուլը ենթադրում է մեծ օբյեկտների` ռեստորանների, մարզասրահների վերաբացում, որտեղ սոցիալական հեռավորությունը խստորեն պետք է պահպանվի, պայմաններ ապահովվեն, որ մարդիկ միմյանց մոտ չգտնվեն: Երկրորդ փուլը ենթադրում է դպրոցների, ուսումնական հաստատությունների, ճամփորդությունների վերաբացում: Կթույլատրվի 5 տասնյակ մարդկանց միաժամանակյա ներկայությունը նույն վայրում: Երրորդ փուլում արդեն կվերացվեն բժշկական տեսանկյունից խոցելի խմբերի նկատմամբ սահմանափակումները:

Թրամփի ուղեցույցը պարտադիր կատարման հրահանգ չէ, այլ ավելի շուտ առաջարկների փաթեթ է: Նահանգներն իրենք են որոշում կայացնելու` յուրաքանչյուրը գնահատելով իր մոտ ստեղծված իրավիճակը: Նախագահն ասել է, որ տնտեսությունը վերաբացելու իր ներկայացրած ուղեցույցի հիման վրա հենց հաջորդ օրը որոշ նահանգներ կարող են վերաբացվել, իսկ մյուսները քայլեր կատարեն մոտ ապագայում: Վերջինիս թվում նա 29 նահանգ է նշել:

«Նահանգապետերը լիազորություններ ունեն տեղայնացնելու մոտեցումները իրենց նահանգի պայմաններին համապատասխան: Բոլոր նահանգները տարբեր են, եթե նրանք փակ մնալու կարիք ունեն, մենք դա կթույլատրենք: Եթե կարծում են` վերաբացվելու ժամանակն է, մենք նրանց կօգնենք, որ արագ, շատ արագ իրականացնեն դա»,- հայտարարել է Թրամփը` նահանգներին կոչ անելով միասին աշխատել ներդաշնակեցնելու նրանց ռեգիոնալ ջանքերը:

Հյուսիս-արևելյան շրջանների յոթ նահանգներ, այդ թվում` Նյու Յորքն արդեն հայտնել են, որ առկա սահմանափակումները երկարաձգում են առնվազն մինչև մայիսի 15-ը: Կենտրոնական շրջանների յոթ նահանգներ, այդ թվում` Միչիգանը, Վիսկոնսինը, Իլինոիսը որոշել են համակարգել իրենց ջանքերը` տնտեսության ռեստարտն իրականացնելու համար:

«Դա չի նշանակում, որ մեր տնտեսությունը միանգամից բացվում է, կամ նահանգներից յուրաքանչուրը միաժամանակ կատարում է նույն քայլը, բայց սերտ կոորդինացումը կապահովի, որ մենք ճիշտ գործենք»,- նշված է նրանց հայտարարությունում:

Աշխարհում կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Միացյալ Նահանգները. այնտեղ կորոնավիրուսի ավելի քան 670 հազար դեպք է արձանագրվել, դա աշխարհում արձանագրված բոլոր դեպքերի մեկ քառորդից ավելին է, հիվանդության հետևանքով զոհերի թիվն անցել է 34 հազարը, վատթարագույն ցուցանիշը որևէ երկրում:

Սակայն ԱՄՆ-ի նախագահը, նշելով, որ նոր դեպքերի պիկն անցել է, ցանկանում է աստիճանաբար վերացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումները, վերաբացել բիզնեսը` պնդելով, որ երկար ժամանակ փակված մնալը կարող է լուրջ վնասներ հասցնել երկրի տնտեսությանը և հանրությանը:

Վաշինգտոնը մեծ օգնություն է ցույց տալիս նաև արտաքին աշխարհին: Չնայած ԱՄՆ-ն սառեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, բայց կորոնավիրոսի դեմ պայքարում մնում է ամենամեծ հատկացումներ կատարող դոնոր երկիրը: Իր երկրի ներսի ծանր իրավիճակային պայմաններով հանդերձ, Միացյալ Նահանգների կառավարությունը տասնյակ երկրների, այդ թվում` Հայաստանին մեծ գումարներ է հատկացնում` զուտ կորոնավիրոսի դեմ պայքարում նրանց կարողությունները հզորացնելու, այդ ջանքերին սատարելու համար:

Պետդեպարտամենտը և Միջազգային զարգացման գործակալությունն ավելի քան 500 միլիոն դոլարի արտաքին հատկացումներ են կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Պետդեպարտամենտը նաև հավելյալ 64 միլիոն դոլար է հատկացրել ՄԱԿ-ի փախստականների գործակալությանը:

Գլոբալ համաճարակի պայմաններում առավել տուժած ու ռիսկային ավելի քան 100 երկիր ամերիկյան աջակցություն է ստացել:

Հայաստանին մեկ միլիոն 700 հազար դոլար է հատկացվել կորոնավիրուսի դեպքերը շուտ հայտնաբերելու, թեստեր անցկացնելու, լաբորատոր համակարգեր պատրաստելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG