Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզվող, 1 տարուց ավելի Ռուսաստանում գտնվող Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը, «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից:
Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանը ձերբակալվել է Մոսկվայում, ապա երկու օր անց ազատ արձակվել։ Ռուս իրավապահները եզրահանգել էին, որ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է` ըստ ռուսական օրենսդրության:
Հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց, որ նոր բացահայտումներ են արվել, 2008-ի արյունալի իրադարձությունների քրեական գործում մեղադրյալ ներգրավվեց նաև Հարությունյանը՝ ապացույցները կեղծելու համար:
Ավելի ուշ Վահագն Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Քննչական խմբի նախկին ղեկավարը, որը դեռ 2018 թվականի հուլիսից էր գտնվում Մոսկվայում, «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարել էր՝ չի ընդունում մեղադրանքը, և այն անհիմն, ապօրինի և շինծու է:
Վահագն Հարությունյանը Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել սիրտ-անոթային խնդիրները բուժելու նպատակով: