Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ջերմային թեստ կանցնի Ազգային ժողովում, ապա կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ժամը 14-ին կայցելի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որտեղ կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:

«Ազատության» հարցին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, հանդիպումից առաջ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ տարածքն ախտահանվել է, պատգամավորները կորոնավիրուսի թեստ չեն հանձնել, քանի որ դրա կարիքը չի առաջացել՝ ամեն օր նրանք ջերմային թեստ են հանձնում և ինքնազգացողության վատացում չեն ունեցել:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա հանձնաժողովը կապ է հաստատել երրորդ նախագահի գրասենյակի հետ, որտեղից փոխանցել են, որ նա պատրաստ է ջերմային թեստ հանձնել խորհրդարանում:

Քոչարյանը տեղեկացրեց, որ պաշտոնաթող նախագահի անվտանգության աշխատակիցներն արդեն այցելել են խորհրդարան, ուսումնասիրել են տեղանքը, որտեղ պետք է տեղի ունենա հանդիպումը, այնպես որ՝ ամեն ինչ պատրաստ է հանդիպման համար:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաև, որ Սերժ Սարգսյանին մի քանի տասնյակ հարցեր են նախապատրաստել, երրորդ նախագահին կտրվեն նաև այն հարցերը, որոնց պատասխանն ակնկալում էին ստանալ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովից, որը, սակայն հրաժարվել էր ներկայանալ քննիչ հանձնաժողով:

XS
SM
MD
LG