Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կորոնավիրուսով հիվանդներին կոչ է անում չհուսահատվել


Այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է իր ենթականերին զերծ մնալ բժշկական պաշտպանիչ միջոցների` արտերկրում ձեռքբերումից:

«Այսօր տարբեր երկրներ մեզ առաջարկում են` այս կամ այն միջոցը գնեք մեզանից: Բայց այն պարագաները, որ մենք կարող ենք արտադրել Բելառուսում, պետք է թողարկենք ինքներս և գումարը դուրս չբերենք երկրի սահմաններից»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի տարածմանը երկրում` Լուկաշենկոն այդ ախտորոշմամբ հիվանդանոցներում գտնվող մարդկանց կոչ է արել պայքարել առողջացման համար:

«Մենք ուսումնասիրել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի չինական, ամերիկյան, եվրոպական փորձը և գտել ենք դեղերի այն համադրությունը, որ թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել այս հիվանդության դեմ: Մենք արդեն իսկ մարդկանց կյանքեր ենք փրկել: Մենք ոչ թե պայքարելու ենք հիվանդների կյանքի համար, այլ` մարտնչելու»,- ասել է Բելառուսի նախագահը:

Դրա հետ մեկտեղ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդել է, թե երկրում կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի արձանագրվել. - «Այդ մարդիկ մահացել են քրոնիկ հիվանդությունների փնջից` սրտանոթային հիվանդություններ, շաքարախտ, թոքային անբավարարություն: Եվ դրանց ավելացել է կորոնավիրուսը: Պետք է հասկանալ, որ կորոնավիրուսը ոչ թե խթանն է, այլ այն միջավայրն է, որում զարգանում են այդ քրոնիկ հիվանդությունները»,- շեշտել է Լուկաշենկոն:

Վերջին տվյալների համաձայն` կորոնավիրուսով հիվանդների թիվը Բելառուսում մոտենում է 3 հազարին, 29 մարդ մահացել է:

XS
SM
MD
LG