Կորոնավիրուսի համաճարակի զոհերի և վարակակիրների թվով Միացյալ Նահանգները դարձավ աշխարհում առաջին երկիրը: Վերջին տվյալների համաձայն` ԱՄՆ-ում մահացել է 20 հազար 608 մարդ, վարակի հետևանքով օրական մահանում է մոտ երկու հազար հոգի:
Վարակակիրների ընդհանուր թիվը ավելի քան կես միլիոն է՝ 529 հազար 951 հոգի: Զոհերի ամենամեծ թիվը արձանագրվել է Նյու Յորքում՝ գրեթե 6 հազար 400:
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ երկրով մեկ հայտարարվել է «լայնածավալ աղետ» դրություն: Արտակարգ ռեժիմը սահմանվել է ամերիկյան բոլոր նահանգներում, և այն թույլ է տալիս դաշնային ու տեղական մակարդակով դյուրացնել պետական ֆինանսավորման հասանելիությունը:
«Նախագահը շարունակում է արձագանքել ամերիկացիների առողջության պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր նահանգապետի հարցմանը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը: