Մատչելիության հղումներ

Դատարկ եկեղեցիներ, օնլայն պատարագներ. աշխարհը պատրաստվում է Սուրբ Հարության տոնին


Հարյուր հազարավոր քրիստոնյաներ աշխարհով մեկ պատրաստվում են Սուրբ Հարության տոնին, որն այս անգամ կանցնի աննախադեպ պայմաններում. եկեղեցիները դատարկ են, հավատացյալները` տներում փակված, պատարագները օնլայն են անցկացվում:

Հռոմի Պապը, որ տասնամյակներ շարունակ Ավագ ուրբաթ առաջնորդում էր Խաչելության երթը Կոլիզեումի պատերի մոտ, այս տարի արարողությունն անցկացրել է Վատիկանի Սուրբ Պետրոսի կիսադատարկ հրապարակում:

Աշխարհի տարբեր երկրներից եկած հազարավոր հավատացյալների փոխարեն այս անգամ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ուղեկցում էր ընդամենը տասը մարդ, հինգը` իտալական Պադույա քաղաքի բանտից, որն ամենից շատն էր տուժել համաճարակից, և հինգ բուժաշխատողներ Վատիկանից:

Ավելի վաղ Պապը պատերազմում մարտնչող զինվորների հետ էր համեմատել բժիշկներին ու քույրերին՝ ընդգծելով. «Նրանք իրենց կյանքն են զոհաբերում հանուն սիրո»:

«Մարդկությունը պարտավոր է դասեր քաղել այս համաճարակից», - քարոզել է նրա ավագ օգնական, հայր Կանտալամեսսան՝ մանրամասնելով. «Բնության ամենափոքր ու անմարմին տարրը` վիրուսը եկավ հիշեցնելու մեզ, որ բոլորս էլ մահկանացու ենք, եկավ` արթնացնելու ամենազորության պատրանքներից, որ հասկանանք` տեխնոլոգիական ու ռազմական նվաճումները բավարար չեն` մեզ փրկելու համար: Փրկությունը սիրո մեջ է, ուժը` նվիրաբերման»:

«Վիրուսը սահմաններ չի ճանաչում և մեկ ակնթարթում քանդել է բոլոր արգելապատնեշները, ռասայական, ազգային, կրոնական տարբերությունները, միմյանց հավասարեցրել աղքատներին ու հարուստներին: Մենք չպետք է վերադառնանք այն իրավիճակին, որում ապրում էինք մինչ այս համաճարակը, ինչպես Սրբազան հայրն է պատգամել` մենք չպետք է վատնենք մեզ տրված այս հնարավորությունը: Չպետք է թույլ տանք, որ այս ողջ ցավը, տառապանքը, բազմաթիվ զոհերը, բուժաշխատողների հերոսական ջանքերն անհետ ու անհետևանք մնան», - ասել է հայր Կանտալամեսսան:

Կաթոլիկ քահանայապետն իր ուղերձը եզրափակել է Հիսուսի խոսքերով, ով խաչելությունից առաջ ասել էր` «երեք օրից Հարություն կառնեմ»: «Մենք էլ, երբ այս օրերն անցնեն, դուրս կգանք մեզ պարփակած պատերից, բայց ոչ թե որ վերադառնանք նախկին կյանքին, այլ` որ նորը ապրենք` Հիսուսի նման, դառնանք ավելի մարդկային, ավելի եղբայրական ու քրիստոնեական», - նշել է Հռոմի Պապը:

Այս տարի, համաճարակի պատճառով փակ է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, ուր և, ըստ Աստվածաշնչի, դրվել էր Քրիստոսի մարմինն ու հարություն առել: Արտառոց ամայություն է նաև Խաչելության ճանապարհին, որով, ըստ քրիստոնյաների, անցել է Փրկիչը կյանքի վերջին ժամերին: Ավանդաբար Զատկին այստեղ տասնյակ հազարավոր հավատացյալներ են հավաքվում, այս տարի, սակայն, եկեղեցիների սպասավորներն են միայն:

«Իմ ուսերին հսկայական պատասխանատվություն եմ զգում, ասես աղոթում եմ բոլորի փոխարեն», - խոստովանել է տեղի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանչեսկո Պատոնը:

«Մի փոքր դժվար է տեսնել Սուրբ քաղաքը դատարկ և համակերպվել այն փաստի հետ, որ որևէ մեկը չի քայլում Չարչարանաց ճանապարհով: Բայց, մյուս կողմից, մենք գիտենք, որ այժմ շատ-շատերը չարչարանքների իրենց սեփական ճանապարհն են անցնում՝ հիվանդանոցներում ու տներում` պայքարելով կորոնավիրուսի դեմ: Եվ մեր աղոթքները պետք է նրանցը լինեն», - ասել է քահանայապետը:

Վերածննդի ու Հարության այս տոնին խորհրդանշական ուղերձ է հղել նաև Փարիզի Աստվածամոր տաճարը: Մեկ տարի առաջ կրակի ճիրաններում հայտնված եկեղեցին այսօր էլ դատարկ է` կորոնավիրուսի պատճառով: Եկեղեցու սպասավորները, սակայն, որոշել են կիսավեր տաճարում` հրդեհից փրկված փոքրիկ անկյունում պատարագ մատուցել, ինչպես Փարիզի արքեպիսկոպոսն է ասել` արձանագրելու, որ կյանքը շարունակվում է:

Գերմանիայի փոքրիկ գյուղերից մեկում աղոթքի ուժին վաղուց են հավատում` համոզվել են սեփական փորձով. 17-րդ դարի վերջին, երբ ժանտախտի համաճարակն էր տարածվել աշխարհում` խլելով տասնյակ հազարավոր կյանքեր, բավարական այս գյուղում կենդանի մնացածները, և նրանք, որ հիվանդ էին, բայց` դեռ ի վիճակի քայլել, գնացել են եկեղեցի և Աստծո բարեգթությունը խնդրել, խոստանալով յուրաքանչյուր տասը տարին մեկ բեմադրել Քրիստոսի խաչելությունն ու չարչարանքները:

Տեղական եկեղեցու հնամենի գիրքը փաստում է` այդուհետ Օբերամերգաու գյուղում բոլորը փրկվել են ժանտախտից, հիվանդությունից մահվան դեպքեր այլևս չեն եղել, ավանդույթը շարունակվում է ավելի քան 400 տարի: Եվ այսօր, երբ կորոնավիրուսի համաճարակն է տարածվում աշխարհով մեկ, ավելի քան հինգ հազար բնակիչ ունեցող գյուղում փաստում են` վարակի ոչ մի դեպք չունեն:

«Դուք կարող եք ասել` սա զուտ պատահականություն է, հավատացյալները, մինչդեռ, բոլորովին այլ կերպ են մեկնաբանում», - ասում է տեղի քահանան` Թոմաս Գրոեները:

«Երբ եկա այս գյուղ, ապշել էի, այստեղ ժամանակը ոչ թե տարիներով են հաշվում, այլ` Քրիստոսի չարչարանքներին նվիրված ներկայացումներով: Օրինակ, երբ մեկն ուզում է ամուսնության տարեթիվն ասել, ոչ թե ասում է` ամուսնացել եմ 1996-ին, այլ ասում է` ամուսնացել եմ 90-ականների Չարչարանաց ներկայացումից վեց տարի անց»:

Խորհրդանշական այս օրերին աշխարհով մեկ սփռված, բայց` սեփական տանը կամ հիվանդասենյակում պարփակված հազարավոր հավատացյալներին միավորելու համար աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելին վաղը «հույսի համերգ» կտա Միլանի տաճարում, որը կսփռվի ուղիղ հեռարձակմամբ` երգչի Youtube-յան ալիքով:

«Ես հավատում եմ միասնական աղոթքի ուժին, հավատում եմ Սուրբ Հարությանը, դա վերածնվելու բացառիկ խորհրդանիշ է, որի կարիքն այժմ ունեն անխտիր բոլորը` անկախ այն հանգամանքից` հավատացյալ են, թե ոչ: Երաժշտության շնորհիվ, միավորելով աշխարհի բոլոր ծայրերում ծափահարող ձեռքերը, մենք մեր գիրկը կառնենք վիրավոր Երկրագնդի արագ բաբախող սիրտը», - ասել է երգիչը:

Լեփ-լեցուն դահլիճների, հազարավոր երկրպագուների փոխարեն, այս անգամ օպերային երգչի կողքին միայն մեկ երգեհոնահար կլինի: Համերգը, որ նա աղոթք է կոչում, տեղի կունենա Միլանի դատարկ տաճարում: «Հավատացեք ինձ` կարևորն այս դեպքում ոչ թե ֆիզիկական ներկայությունն է, այլ` հոգևոր», - ասել է Բոչելին, կրկնելով հավատացյալ հայրերի պատգամը` սերը սահմաններ ու արգելապատնեշներ չի ճանաչում:

XS
SM
MD
LG