Վաշինգտոնը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստանում Իրաքում գործող «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Մուհամեդ Կաութարանիի մասին տեղեկությունների դիմաց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ Կաութարանին, ում անունը 2013 թվականից ի վեր շրջանառվում է Միացյալ Նահանգների կողմից կազմված միջազգային ահաբեկիչների ցանկում, մասնակի համակարգում է Իրաքում իրանա-լիբանանյան խմբավորման քաղաքական գործունեությունը, որը նախկինում իրականացնում էր իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին:
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանում՝ «Ալ Քուդս»-ի հրամանատար Սուլեյմանին սպանվել է անցած հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում՝ ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով: