Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը պնդում է, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել է երեկ մամուլի հրապարակումներից: Այս մասին Գևորգյանը, ում նկատմամբ, ինչպես երեկ դատախազությունն էր հայտնել, հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ» ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը իրավապահների և դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու և կալանավորման որոշում կայացնելու համար», - գրել է նա:
Նախկին պատգամավորը հավելում է, որ որևէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իր հաշվառման հասցե, իր հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, զանգով էլ չեն հրավիրել: