Մատչելիության հղումներ

Արթուր Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ապօրինի հարստանալու և գույքը թաքցնելու համար. Դատախազություն


Արթուր Գևորգյանը, արխիվ
Արթուր Գևորգյանը, արխիվ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Դատախազությունը Hetq.am կայքում հրապարակված «Նախկին պատգամավոր Ա. Գ.-ն վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1.5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում» վերտառությամբ հրապարակումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Ըստ դատախազության` նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավորը, 2012-2019թթ. ընթացքում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի, մասնավորապես 2011թ. ապրիլի 6-ին 490 հազար դոլարով ձեռք բերած Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520 հազար դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

«Ա. Գ.-ն ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 եվրո: Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000 դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում», - հայտնում են դատախազությունից:

Այսինքն, ըստ հաղորդագրության, Արթուր Գևորգյանը չի հայտարարագրել 1 միլիոն դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ նախորդ տարվա հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեռք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Նշվածի հիման վրա վարույթն իրականցնող մարմինը որոշում է կատարել ՔՕ 314.1-րդ հոդվածի 2-դ մասով (Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 310.1 հոդվածի 1-ին (Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են) մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար նախկին պատգամավորին ներգրավվել որպես մեղադրյալ:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը նախորդ տարվա փետրվարի 29-ից Հայաստանում չէ, հայտնի չէ նրա գտնվելու վայրը, և հնարավոր չի ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը, ՀՔԾ քննիչի կողմից նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG