Մատչելիության հղումներ

«Տան մեջ էլ լինենք, էլի հիվանդությունը կգա կկպնի, դուրսն էլ». արտակարգ դրության 24-րդ օրը Երևանում


Մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում այսօր՝ արտակարգ դրության 24-րդ օրը, հանդիպեցինք բազմաթիվ քաղաքացիների՝ խանութ գնացողներից մինչև զբոսնողներ, նարդի ու բլոտ խաղացողներ։

«Ազատության» տեսախցիկը նաև ֆիքսեց մեծ խմբող կանաչապատման աշխատանքներ իրականացնողների՝ որոնց շարքերում կորոնավիրուսի ամենախոցելի խումբը համարվող մեծահասակները քիչ չէին։

Աշխատողներից մեկը, որն արտակարգ դրության ընթացքում առաջին անգամ էր եկել գործի վստահեցրեց՝ վիրուսից չի վախենում. «Ինչքան վախենաս շուտ կկպնի»:

Այս տարածքում աշխատողներից կորոնավիրուսից չվախեցողներ էլի կային:

«Ասենք, որ տան մեջն էլ լինենք, էլի հիվանդությունը կգա կկպնի, դուրսն էլ լինենք, էլի հիվանդությունը կկպնի», - ասաց նրանցից մեկը:

Կանաչապատման աշխատանքների պատասխանատուներից մեկը մոտեցավ ու վստահեցրեց՝ 60-անց մարդիկ իրենց շարքերում չկան։ Մեկ այլ թաղամասի այգում այս գործն անող թոշակառուն կնոջ պատրաստած բրդուճով ընդմիջում էր անում, ասաց՝ բույսը անտեր թողնել չի կարելի՝ չի ուզում, որ իր արած գործը ջուրն ընկնի։

«Սա կանաչապատում է, այգեգործություն, բույսն ու անասունը, թռչունը չի կարելի անտեր թողնել: Մի օր, երկու օր թողնենք, հետո կգանք էլ չի լինի, էսի մեկ: Երկրորդը՝ կամավորության սկզբունքով տարիքս վեկալած, հազարավոր տարիների այգեպան եմ, խիղծս տանջում է, իմ դրածն է, իմ չարչարվածն է, ափսոսում եմ: Իմ տղուն չեմ թողնի գա, ջահել ա թող ապրի: Ես, որ ասենք թե բան անեմ, ես ոչինչ», - ասաց այգեգործներից մեկը:

Կանաչապատում իրականացնողներից ոչ հեռու՝ այգում ևս տարեցները քիչ չէին, որոշներն էլ աթոռներին կամ տաղավարներում նստած՝ չպահպանելով սոցիալական հեռավորության կանոնները զրույցի էին բռնված:

Այս Այգուց այլ թաղամաս տանող ճանապարհի մայթերի կանաչների մեջ մի քանի կանայք կանաչի էին հավաքում։

Քաղաքի այլ հատվածի տաղավարներից մեկում տարեց տղամարդիկ թղթախաղի առաջնություն էին կազմակերպել:

«Էս հիվանդությունից չենք վախենում, բայց վախենում ենք էսօրվա դրությունից», - ասաց նրանցից մեկը:

Հավաքվածներից մեկն էլ կատակեց. «Դավթաշենը լավ տեղ ա, քամին փշում ա, տանում Կենտրոն, թող նրանք մտածեն»:

«Ազատությունը» շրջայցի ընթացքում անցորդներից համապատասխան գրություններ պահանջող ոստիկանների միայն Կենտրոնում հանդիպեց, այստեղ էլ, չնայած արդեն շաբաթներ շարունակ տանը մնալու և միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու հորդորներին, որոշ տարեցներ պարզապես զբոսնելու էին իջել։

Ի դեպ, արտակարգ դրության պարետի փոփոխված որոշմամբ՝ ապրիլի 6-ից սպորտով զբաղվել և հեծանիվ վարել թույլատրվում է միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը։

XS
SM
MD
LG