Մատչելիության հղումներ

«Ոչ գործ ունեմ, ոչ նպաստ, ոչ էլ ինտերնետ՝ օն-լայն օգնություն խնդրելու համար». 3 անչափահասների մայր


Կոտայքի մարզի գյուղերից մեկում կացարան գտած 3 անչափահաս երեխաների մայր Մելսիդա Գաբրիելյանը լսել է, որ կառավարությունն ինչ-որ օգնություն է տրամադրելու անելանելի իրավիճակում հայտնված ընտանիքներին։

Դեռ չգիտի՝ ում, ինչպես դիմել։ Լսել է միայն՝ համաճարակի պատճառով դիմումներն օն-լայն են ընդունելու։ Արդեն անհանգիստ է՝ համակարգիչ, հեռախոս, ինտերնետ չունի։ Օն-լայն աշխարհը շատ հեռու է իր կաթող տանիքից։

«Օն-լայն պետք ա դիմենք, քանի որ մենք չունենք հնարավորություն օն-լայն դիմելու: Երեք երեխա դպրոց է գնում, մենք ներկա պահին դաս չենք կարողանում անել, չենք կարողանում կապվել, որովհետև ո՛չ ունենք կապ, ո՛չ ունենք հեռախոսներ, որ ասենք էրեխեքը կարողանան դաս պարապել: Ես դասատուների զգուշացրել եմ, որ մենք էդ հնարավորությունը չունենք, որ էրեխեքը պրոբլեմի առաջ հետո չկանգնեն էլի, դպրոցում ինչ-որ բարդ մի խնդրի առաջ, որ իրենք չեն մասնակցել այդ դասերին: Էդ օն-լայն դիմումը, որ ես ներկայացնեմ, չգիտեմ ոնց կարող եմ ներկայացնել, որ տեսնեմ էդ օգնությունը ինչքան է, ոնց է», - ասաց Մելսիդա Գաբրիելյանը:

Նպաստ չեն ստանում, քանի որ գրանցում չունեն։ Աշխատանք չունի, քանի որ հիվանդ է։ Հաց վաստակելու միակ հույսը օրավարձով աշխատող հայրն է։

«Ներկա պահին ամուսինս տանը չի, ինչ-որ մի տեղ գործ կար խնդրեցին քարի դատարկելու, գնացել ա, որ դատարկի», - նշեց նա:

4 պատն էլ, իր ձևակերպմամբ, մի բարի մարդ է տվել, որ ապրեն ու վիրահատությունների ենթարկված երեխաների հետ փողոցում չմնան։ Ասում է՝ հեռուստացույցով լսել է վարչապետին, որն ասել է, թե սոցիալապես անպաշտպան խավի երեխաներին են օգնելու։ Ցույց է տալիս ծղոտե տանիքն ու հարևանի այգու ճյուղերի հույսով տաքացող երեխաներին։

Ի դեպ, վերջին օրերին «Ազատություն» շատերն են զանգում՝ նույն խնդրով։ Փորձում են իրենց գտնել կառավարության առաջարկած 5 սոցիալական ծրագրերի մեջ։

Հիշեցնենք՝ ծրագրի շահառու դառնալու համար քաղաքացիները պետք է online.ssa.am կայքում ապրիլի 10-ից սկսած դիմում գրեն։ Սոցիալական աջակցության հերթական ծրագրերից մեկով՝ մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք չունեցող և նպաստ չստացող ծնողների մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխան 26 հազար 500 դրամի չափով միանվագ աջակցություն կստանա։

Սևանից մեզ հեռախոսով միացած երկու անչափաս երեխաների մայր Հռիփսիմե Փոփեյանը սրտնեղած էր՝ ամուսինը, որ առաքիչ էր, փետրվարին է աշխատանքից զրկվել, մարտին պետք է նոր աշխատանքի անցներ, այն էլ կորոնավիրուսի պատճառով ճանապարհները փակվեցին։ Հիմա ո՛չ գործ ունեն, ո՛չ նպաստ, մազրային կենտրոններից էլ հույս չեն տվել, թե որևէ ծրագրում կներառվեն։

«Վիզան խփում է, որ պետք է երկրից դուրս գա, ուղևորափոխադրումներ կատարի, էն էլ տամոժնյան փակվավ, հիմա սենց գործազուրկ նստել ենք», - ասաց Փոփեյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահ է՝ բոլոր ռեսուրսներն օգտագործվում են և կօգտագործվեն, որպեսզի կառավարության առաջարկած ծրագրերը հասցեատերերին հասնեն։

Դիմել պետք է ընդամենը երկու ծրագրի դեպքում։ Նախարարը չի կարծում, որ ինտերնետ հասանելիությունը խնդիր կարող է դառնալ և ընդգծում՝ համայնքներում խոցելի խմբերի, հատկապես երեխաների մասին գրեթե բոլորը գիտեն։

«Ծրագիրը վերաբերում է աշխատանք չունեցող ծնողների երեխաներին, այս դեպքում աջակցման կենտրոնի աշխատակիցներն, այո, կարող են նաև օգնել լրացնել այս դիմումները: Նորից եմ կրկնում՝ այնտեղ շատ բարդ ընթացակարգեր չեն լինելու», - ասաց Բաթոյանը

Նախարարն ընդգծում է, որ բոլոր այս ծրագրերը միևնույն է խնդիր չեն լուծում, ընդամենը մեղմացնում են։ Հասկանում է, որ դժգոհողներ լինելու են, քանի որ յուրաքանչյուր աջակցություն սահմանափակումներ ունի։

«Այս պահին գուցե դեռ բոլոր խմբերի չենք ներառել, և կլինեն մարդիկ, որ դուրս կմնան, բայց ուզում եմ նշել, որ մենք շարունակում ենք աշխատանքը և փորձում ենք հնարավոր ամեն բան անել, որպեսզի առավել տուժած կամ խոցելի իրավիճակում հայտնված անձանց կարողանանք այս պահին աջակցել», - ասաց նա:

Ի դեպ, այսօրվանից նախարարությունում նաև գործելու է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով, որի միջոցով թերևս խոցելի խմբերը կկարողանան պարզել՝ սոցիալական աջակցության որ ծրագրին դիմեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG