Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն հաղորդում է Ոստիկանությունում հայտնաբերած հերթական առերևույթ խախտումների մասին


ՊՎԾ շենքը Երևանում, արխիվ
ՊՎԾ շենքը Երևանում, արխիվ

Պետական վերահսկողական ծառայությունն այսօր հաղորդում է, որ ավարտել է Հայաստանի ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը, որի արդյունքներով կազմած տեղեկանքն ուղարկել է Դատախազություն:

Հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են 2014-2019 թվականների ընթացքում Ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման, հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների նկատմամբ վերահսկողության հատվածները։

«Շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման, շուրջ 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, շուրջ 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, շուրջ 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց շուրջ 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ», - ասված է հաղորդագրությունում:

«Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր, բացի այդ՝ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացված շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից», - փոխանցում է ՊՎԾ-ն:

Արձանագրվել են նաև Ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր, նշում է Պետական վերահսկողական ծառայությունը:

XS
SM
MD
LG