Մատչելիության հղումներ

ՊՎԾ․ Ոստիկանությունը 700 մլն դրամի առերևույթ վնաս է պատճառել պետությանը


Կարեն Մնացականյան, Պետական վերահսկողական ծառայության աշխատակից: 15-ը նոյեմբերի, 2019թ
Կարեն Մնացականյան, Պետական վերահսկողական ծառայության աշխատակից: 15-ը նոյեմբերի, 2019թ

Պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ, հարյուրավոր միլիոնների է հասնում:

Ուսումնասիրությունը մի քանի ուղղությամբ է իրականացվել՝ տրանսպորտային միջոցների ձեռք բերումը և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացները, դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականությունն ու դրանց օգտագործման արդյունավետությունը, գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերը:

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Կարեն Մնացականյանն «Ազատության» հետ զրույցում նշված գործընթացները բնորոշեց ոչ մրցակցային, ձևական և խտրական․ - «Կեղծված փաստաթղթեր պաշտոնական, կեղծ ստորագրություններով գնային առաջարկների ներկայացում: Տարիներ շարունակ ընդգծված նույն խնդիրներով գնման ընթացակարգեր են հայտարարվել, ընթացակարգերի նույն մասնակիցները նույն պրոցեսի մեջ, նույն փոխկապակցված ֆիրմաները և այլն»:

Չարաշահումները վերաբերվում են 2014-2019 թվականներին, սակայն Մնացականյանն ընդգծում է, որ հիմնական խախտումները, որտեղ կան կոռուպցիոն դրսևորումներ, կատարվել են մինչև 2018 թվականը․ - «2018-19 թվականների ժամանակահատվածում արձանագրված բոլոր խնդիրները հիմնականում կրել են համակարգային բնույթ և իներցիոն տարածվել են 2018-19 թվականների նկատմամբ»:

2011-ից մինչև 2018-ի մայիսը գլխավոր ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը էր: Արդեն հեղափոխությունից հետո, 2018-ի մայիսի 10-ից մինչև այս տարվա սեպտեմբերի 18-ը՝ Վալերի Օսիպյանը:

Հարցին, թե արդյոք մեղադրանքերի հասցեատերները Գասպարյանն ու Օսիպյանն են, Մնացականյանն արձագանքեց, թե խնդիրները խորը արմատներ են ունեցել․ - «Նոր իշխանության ժամանակ, նոր ոստիկանապետի ժամանակ արվել են շատ քայլեր, որպեսզի խնդիրներին լուծում տրվի: Բայց ամեն դեպքում գտնում ենք անբավարար նշված քայլերը, կարելի էր ավելի խորը և ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատել»:

ՊՎԾ-ում չարաշահումների առանձին օրինակներ են բերում: Մի շարք դեպքերում ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների գները զգալիորեն բարձր են եղել տվյալ պահին նույն ընկերությունների կողմից այլ տնտեսվարողներին վաճառված նույն կարգի ավտոմեքենաների գներից:

«Այսինքն, նախօրոք տվյալ ֆիրման իմացել է, որ ինքը պետք է մասնակցի այդ ընթացակարգին: Այստեղ հայտնաբերել ենք մեծ չարաշահումներ կապված այն հանգամանքի հետ, որ, ուսումնասիրելով տվյալ ֆիրմայի շուկայի վարքագիծը, պարզել ենք, որ նույն ֆիրման անհատ քաղաքացու տվյալ տրանսպորտային միջոցը շատ անգամ ավելի էժան գնով տրամադրել է, իսկ Ոստիկանության համար, արդեն մեծ խմբաքանակների պարագայում գները արդեն այլ են եղել: Եվ տարբերությունը, իհարկե, պետությանը պատճառված վնաս կարող ենք դիտարկել», - նշեց Մնացականյանը:

Մեկ այլ ուշագրավ պատմություն: Ոստիկանության վերահսկողության տակ գործող «Դինամո» մարզական հասարակական ակումբը 2014-2019 թվականների ընթացքում Ոստիկանությունից դրամաշնորհի տեսքով մոտ 130 միլիոն է ստացել, սակայն չի երևում, թե ինչ նպատակով են ծախսվել գումարները։

Կարեն Մնացականյան․ - «Պարզեցինք, որ շատ մեծ, բազմամիլիոն արժողությամբ տարածք է Նար-Դոս փողոցի վրա, և հնարավոր էր ճիշտ օգտագործել նշված տարածքը: Անգործության մատնված, ոչ մի բանի համար չի կիրառվում: Մեր կողմից եղել է առաջարկ «Դինամո» մարզական հասարակական կառույցին, որպեսզի իրենք ճիշտ տնօրինեն իրենց հաշվեկշռում առկա գույքը, ապահովեն լրացուցիչ եկամուտներ և այլևս չակնկալեն բյուջեից դրամաշնորհների ստացում»:

Պետական վերահսկողական ծառայության ամփոփ տեղեկանքն ուղարկել է Գլխավոր դատախազություն:

Նոյեմբերի 15-ից հետո ծառայությունը խոստանում է նոր բացահայտումներ ներկայացնել․ երկրորդ աշխատանքային խումբն ուսումնասիրում է հագուստի ձեռք բերման, շինարարական աշխատանքների ոլորոտում բացահայտած չարաշահումները:

Ոստիկանությունն առայժմ լռում է: «Ազատության» հարցմանն ի պատասխան ընդամենը ասացին, որ այս պահին մեկնաբանությամբ հանդես չեն գա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG