Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը այսօր ուղերձով դիմելու է ռուսաստանցիներին


Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտնել է, որ ուղերձի թեման կորոնավիրուսն է լինելու։

Սա կլինի Վլադիմիր Պուտինի արդեն երրորդ ուղերձը։ Արդյո՞ք նա հայտարարելու է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին, թե՞ պարզապես երկարաձգելու է արձակուրդը, այս պահին հայտնի չէ։

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին առթիվ նախատեսված տոնական շքերթի մասին հարցին Վլադիմիր Պեսկովը պատասխանել է, թե շքերթը հետաձգելու կամ առանց հյուրերի անցկացնելու մասին որոշում դեռ չի ընդունվել։

Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում, օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 771 նոր դեպք, որոնցից 595-ը՝ Մոսկվայում։ Ռուսաստանի մայրաքաղաքի օպերատիվ շտաբի փոխանցմամբ, նրանց գրեթե կեսը մինչև 45 տարեկան մարդիկ են։

Ռուսաստանցի փորձագետները այս օրերին գրում են, որ իրավիճակը հատկապես բարդանալու է մարզերում, որտեղ կա ինչպես բժիշկների, այլպես էլ բուժհաստատությունների ու բուժսարքավորումների լուրջ պակաս։

Ռուսաստանցիները համացանցում քննադատում են երկրի իշխանություններին այլ երկրներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին այս իրավիճակում բժշկական սարքավորումներ տրամադրելու համար, մինչդեռ պարզվել է, որ Միացյալ Նահանգները գնել է այդ սարքավորումները։

Ավելի վաղ, հիշեցնենք, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու նպատակով Ռուսաստանը որպես օգնություն Միացյալ Նահանգներ է ուղարկել բժշկական սարքավորումներով բեռնված օդանավ։ Այն այսօր վայրէջք է կատարել Նյու Յորքում։

«Ռուսաստանը Միացյալ Նահանգներին օգնում է կանխել համաճարակի տարածումը և բուժել վարակվածներին», - այսօր հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Մարտի 31-ին, հիշեցնենք, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում նրանք պայմանավորվել էին այդ սարքավորումներն ուղարկելու շուրջ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը, սակայն, ավելի ուշ հայտարարել էր, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել էին Ռուսաստանից անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու մասին։ Գործարքի ծավալի ու գնի մասին ոչինչ չի հաղորդվում։

Այս առնչությամբ Դմիտրի Պեսկովն այսօր ասաց, թե ԱՄՆ ուղարկված օգնության մասին ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածի Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG