Մատչելիության հղումներ

Լոռիում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 2 նոր դեպք, ընդհանուր թիվը` 5


Այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 2 նոր դեպք՝ մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասնելով հինգի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Նա նշել է, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: «Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս: Չնայած պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը, և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի:

Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է մարզի ղեկավարը՝ հորդորելով բնակիչներին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Երեկ Ալավերդու համայնքապետարանն իր էջում տեղեկություն էր հրապարակել` իբրև կորոնավիրուսով վարակի դեպք է հաստատվել ամբուլատորիայի մի աշխատակցի մոտ։ Մեկ ժամ անց, սակայն, համայնքապետարանի պաշտոնական էջի պատասխանատու Սուսա Լալայանը հերքել էր այդ տեղեկությունը թե՛ իր և թե՛ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Ներողություն էր խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար՝ նշելով, որ ինքն է կատարել «իրականությանը չհամապատասխանող գրառումը»։

«Ցավում եմ, որ իմ մեկ սխալի պատճառով այս ժամանակահատվածում շատերը ունեցան անհանգստություն և վախ»,- իր գրառման մեջ նշել էր Ալավերդու համայնքապետարանի մասնագետը։

XS
SM
MD
LG