«Գազպրոմ Արմենիա» ՓԲ և «Տրանսգազ» ՍՊ ընկերությունները մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա»), բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա») և բնական գազի փոխադրման («Տրանսգազ») սակագների վերանայման հայտերով։
Պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ օգոստոսի 1-ից, առաջարկվում է սահմանել հետևյալ սակագները.
Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 139 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909.6 դրամ:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909.6 դրամ:
Ջերմոցային տնտեսություններին և վերամշակող կազմակերպություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 212 դոլար (արտահայտված դրամով) սակագնի փոխարեն առաջարկվում է սահմանել 283,14 դոլար (արտահայտված դրամով) սակագինը:
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 242.1 դոլար (արտահայտված դրամով) սակագինն առաջարկվում է դարձնել 283.14 դոլար (արտահայտված դրամով)։
Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, «այսօրվա գործող հինգ գներն էլ միջին մեծությունը 255 դոլար է՝ հազար խորանարդի համար, իրենց դիմումը վերանայման հայտի՝ 283 դոլար է, այսինքն՝ միջին սպառողական խմբի բոլոր սպառողների միջին գնի 11 տոկոս աճով են դիմել շուրջ»:
Առաջարկվում է նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման գործող 25,07 դրամ/հազար խմ սակագինը նվազեցնել՝ դարձնելով 23,124 դրամ/հազար խմ, բնական գազի բաշխման գործող 26 հազար 947.089 դրամ/հազար խմ սակագինը նվազեցնել՝ դարձնելով 21 հազար 724.785 դրամ/հազար խմ, և բնական գազի փոխադրման գործող 11 հազար 347.532 դրամ/հազար խմ սակագինն ավելացնել՝ դարձնելով 13 հազար 282.688դրամ/հազար խմ: