Մատչելիության հղումներ

«Գազպրոմ Արմենիա»-ում քննարկվում է սակագնի վերանայման հարցը


«Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի պատասխանատու Միխայիլ Հարությունյանի փոխանցմամբ,չի բացառում, որ առաջիկայում գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։

«Սակագնի վերանայման հարցը ընկերությունում քննարկվում է», - «Ազատությանն» ասաց Հարությունյանը։

2019-ի ավարտին «Գազպրոմ»-ը պաշտոնական հայտարարություն արեց, թե 2020 թվականին Հայաստանի ու Վրաստանի սահմանին գազի սակագինը կմնա նույնը ՝ հազար խորանարդ մետրի համար 165 ԱՄՆ դոլար։ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչը պարզաբանում է, որ դա վերաբերում է միայն սահմանին, և ոչ թե սպառողներին։

Սահմանին գազը թանկացել էր 2019-ի հունվարի 1-ից, երբ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը. այդ տարիների ընթացքում հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար վճարում էր 150 դոլար։ 2019-ին սպառողների համար գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները շատ էին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիները թանկացումը չեն զգա՝ սակագինը սպառողների համար կմնա նույնը:

Ողջ տարվա ընթացքում սահմանին սակագինը սպառողների համար մնաց նույնը, ինչպես պարզաբանեցին Հայաստանի իշխանությունները՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին:

Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար, ինչը 125 դոլարով ավելի է, քան գնվում է սահմանին։

Նոյեմբերին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են, որ գազի սակագինն այնպիսին պետք է լինի, որ չկոտրի հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան։

ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ այժմ քննարկում են երկարաժամկետ սակագին սահմանելու հարցը. - «Պայմանավորվածությունները բանավոր կային, հիմա էլ շարունակվում են դեռևս քննարկումները երկարաժամկետ գնագոյացման... Եվ այդ ամեն ինչը ամեն դեպքում ամփոփվելու է հայտի տեսքով»։

Բաղրամյանը չհստակեցրեց, թե «Գազպրոմ Արմենիա»-ն սակագների վերանայման հայտը երբ կներկայացնի, ասաց, որ դեռ բանակցային փուլ կա. - «Ըստ օրենքի, ամեն օր էլ կարող են ներկայացնել, քանի որ վեց ամիսը սահմանումից հետո անցել է։ Բայց այս պահին դեռևս բանակցային փուլ կա։ Չեմ կարող ասել, թե երբ կներկայացնեն։ Ինչքան կլինի՝ դեռևս հնարավոր չէ ասել»։

Դաշնակցական տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, ներդրողների և ընդհանրապես բիզնես միջավայրի համար կարևոր է կանխատեսելի գազի գինը գոնե մեկ տարի ժամկետով։

«Իրենց երկարաժամկետը դարձավ երեք ամիս, հիմա էլ երեք ամսից փոխվելու է, բիզնեսները չգիտեն։ Ինքս մասնավոր բիզնեսմենների հետ զրույցում այդ խնդրի հետ առնչվել եմ, և նրանք չգիտեն, թե տարվա կտրվածքով ինչ հաշվարկ դնեն հիմքում»։

Պարսյանի խոսքով, հաշվարկները ցույց են տալիս, որ եթե գազի սակագինը բարձրանա կբարձրանա 10-15 դրամով. _ «10-15 դրամի բարձրացման արդյունքում սա էական ազդեցություն կթողնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա, քանի որ մեր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30 տոկոսը արտադրվում է գազի միջոցով։ Էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումը իր անմիջական ազդեցությունը կթողնի Հայաստանում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա»։

XS
SM
MD
LG