Մատչելիության հղումներ

Դիտորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում խախտումներ է արձանագրել


«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղում վաղը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններներից առաջ դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան երկու կազմակերպություններից մեկի` «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչներն այսօր հայտարարեցին, որ 281 ընտրատեղամասերում աշխատելու են իրենց 112 դիտորդները: Մյուս առաքելությունը՝ «Ականատեսը» Ղարաբաղ է ուղարկել 45 դիտորդ։

Այդ 281 ընտրատեղամասերից միայն 48-ում կան տեսախցիկներ, թեև, ինչպես այսօր Ստեփանակերտում լրագրողներ հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, այդ 48 ընտրատեղամասերում քվեարկելու է գրանցված ընտրողների կեսից ավելին:

«Մեր կարծիքով, սխալ քայլ է ընտրություններն իրականացնել այս իրավիճակում, բայց եթե Արցախի իշխանությունները սխալ քայլ են անում, դա չի նշանակում, որ մենք պետք է Արցախի ընտրողների ընտրական իրավունքը թողնենք կոպիտ ասած անտեր», - կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունները չհետաձգելու՝ Ղարաբաղի իշխանությունների որոշմանն անդրադառնալով՝ ասաց Իոաննիսյանը:

Ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ Լեռնային Ղարաբաղում մինչ օրս կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել։ Մինչդեռ Հայաստանում գրանցված դեպքերի թիվը արդեն հասել է 482-ի։

Արձագանքելով հարցին, թե արդյոք խախտումներ հայտնաբերե՞լ են իրենց դիտորդական առաքելության ընթացքում, և որքանո՞վ են հիմնավորված ընտրակաշառքի մասին հայտարարությունները` Իոաննիսյանը նախընտրեց անուններ չհնչեցնել, ասաց, որ իրենց դիտարկումների մանրամասները կներկայացնեն ընտրություններից հետո:

Այդուհանդերձ, որոշ դիտարկումներ բարձրաձայնեց.- «Այս ընթացքում արձանագրել ենք խախտումներ այս կամ այն կերպ կապված իրավապահ համակարգի հետ: Եվ դրանց մասին ներկայացրել ենք հանցագործության մասին չորս հաղորդում, չորրորդը այսօր մուտք արվեց դատախազություն: Եվ իրավապահ համակարգի երկու ներկայացուցչի նկատմամբ ներկայացրել ենք կարգապահական պատասխանատվության կանչելու դիմումներ»:

Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում է 12 քաղաքական ուժ։ Այսօր «լռության օր» է, սա նշանակում է, որ թեկնածուները չեն կարող քարոզչություն իրականացնել, թեև կորոնավիրուսի տարածման վտանգը նկատի ունենալով՝ ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուներն ու քաղաքական ուժերը դեռ օրեր առաջ էին դադարեցրել իրենց հանդիպումները ընտրողների հետ։

Նախագահի աթոռի համար պայքարում են Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, Ղարաբաղի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և ևս ութ թեկնածու։

Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են նախկինում կայացած ընտրությունները։

XS
SM
MD
LG