Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:
Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Փաշինյանի ցավակցականում:
«Սիրելի Լևոն,
Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին», - դիմելով Արոնյանին՝ ասում է պետության ղեկավարը:
Լևոն Արոնյանին ցավակցական ուղերձ են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը:
«Սիրելի՛ Լևոն,
Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։
Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․
Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։
Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն», - նախագահականի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
Արիաննե Կաոիլին մարտի 15-ի կեսգիշերին իր վարած Lexus ավտոմեքենայով Երևանի Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Անցած տարվա դեկտեմբերին լրացել էր Կաոիլիի 33-ամյակը: