Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:

30 անձ ապաքինվել է, 3 անձ մահացել է: Թեստերից 2054-ը բացասական արդյունք են տվել, 391 անձ փաստացի բուժվում է:

Այսօր գիշերը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու անձինք: 55-ամյա կինը և 73-ամյա տղամարդը, ըստ նախարարի, «ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով»:

Ավելի վաղ Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն ստացող թոքաբորբով 13 պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել էր, որ ախտորոշման 35 նոր դեպք է գրանցվել: Նա ասել էր, որ պետք է այս մի շաբաթը հնարավորինս խիստ պահպանել պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կանխվի կորոնավիրուսի տարածումը:

Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Առողջապահության նախարարը երեկ մասնակցել է «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման հայաստանյան աշխարհագրությունն ու կատարված և կատարվելիք աշխատանքները։

Առողջապահության նախարարը չի բացառել, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրության սահմանափակումները, մասնավորապես՝ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող մեկշաբաթյա արգելքը կարող է երկարաձգվել ևս 1 շաբաթով:

Թորոսյանն ասել է, որ Հայաստանն ունի թեստեր՝ հայտնաբերելու վարակակիրներին, իսկ արդեն վարակվածների կոնտակտավորները մեկուսացվում են ոչ միայն բժշկական հաստատություններում, այլև հյուրանոցներում։

XS
SM
MD
LG