Աշխարհի զարգացած 20 երկրները մարտի 26-ին տեսա-համաժողով են անցկացրել՝ քննարկելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը: Հեռահար նման համաժողով «Մեծ քսանյակի» երկրներն առաջին անգամ են անցկացրել:
Նրանք հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն ճգնաժամը հաղթահարելու համար՝ խոստանալով հինգ տրիլիոն դոլար ներարկել միջազգային տնտեսությունում:
Ընդունված համատեղ հայտարարությունում նշված է, որ այդ միջոցներն ուղղվելու են համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրների վերացմանը:
G 20-ի այս տարվա նախագահող Սաուդյան Արաբիայի առաջարկությամբ համաժողովը մամուլի համար փակ է անցկացվել, հրապարակվել են միայն որոշ հատվածներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սառեցնել տնտեսական պատժամիջոցները, ինչը երկրներին հնարավորություն կտա ավելի լավ պայքարել համաճարակի դեմ: Նա ասել է, որ մարդասիրական մղումներից ելնելով պետք է հանվեն որոշ երկրների վրա դրված սահմանափակումները, որպեսզի հնարավորություն տրվի դեղամիջոցների, պարենային ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարումների համար:
Ռուսաստանն ինքը գտնվում է Եվրամիության և Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ, որ սահմանվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով:
Ամերիկյան պատժամիջոցների տակ է նաև Իրանը: Թեհրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցներն ավելի խստացված տարբերակով վերականգնվեցին 2018-ին, երբ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից:
Պուտինը, չտալով որևէ երկրի կոնկրետ անուն, ասել է, թե անհրաժեշտ է մորաթորիում հայտարարել առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու և դրանց գնումներն ապահովող ֆինանսական փոխանցումների սահմանափակումների, արգելքների վրա: «Ի վերջո խոսքը մարդկանց կյանքի մասին է, մարդկանց ապրելու կամ մեռնելու հարցը զուտ մարդասիրական հարց է»,- G-20-ի տեսակոնֆերանսում ասել է Պուտինը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն օգնություն էր առաջարկել Իրանին, բայց Թեհրանը այն չէր ընդունել:
Իսկ պատժամիջոցների առումով՝ Վաշինգտոնը դրանք մեղմելու նշաններ չի ցուցաբերում:
Երեկ նոր պատժամիջոցներ են սահմանվել իրանական և իրաքյան երկու տասնյակ ընկերությունների ու անհատների հանդեպ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին, և նրա «Ալ Քուդս» միավորմանը և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:
Վերադառնալով «Մեծ քսանյակ»-ի համաժողովին` հավելենք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ասել է, որ համաշխարհային տնտեսության ռեցեսիան կանխելու համար անհրաժեշտ է կոորդինացնել մակրոքաղաքականությունը: Նա խոստացել է ակտիվացնել դեղագործական, առաջին անհրաժեշտության ապրանքների, հակահամաճարակային միջոցների մատակարարումը միջազգային շուկա: Նա կոչ է արել կրճատել մաքսադրույքները, վերացնել արգելքները և նպաստել առևտրի հոսքի շրջանառությանը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ կորոնավիրուսի դեմ միջազգային համակարգված պայքարում Պեկինը 344 միլիարդ դոլարի ներդրում կանի:
«Մեծ 20»-ի տեսակոնֆերանսին հաջորդած հայտարարությամբ Միջազգային արժույթի հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան ասել է, թե 2020 թվականի համար կանխատեսում են միջազգային տնտեսության անկում, որը կվերականգնվի 2021 թվականին: