Հյուսիսային Կորեան միջազգային օգնություն է խնդրել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, այս մասին հայտնում է Financial Times-ը` վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի տվյալներով` Փհենյանը նման խնդրանքով դիմել է Առողջապահության միջազգային կազմակերպությանը և Կարմիր Խաչին, ինչպես նաև Ռուսաստանին ու Չինաստանին: Հյուսիսկորեական իշխանությունները, մասնավորապես, ցանկանում են թեստավորման նմուշներ ձեռք բերել:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությունում Հյուսիսային Կորեայի տվյալները բացակայում են. առողջապահության ոլորտի փորձագետները ենթադրում են, որ երկիրը չունի բավարար հնարավորություններ` վարակակիրներին ախտորոշելու համար:
Financial Times-ի տեղեկություններով` միջազգային մի շարք կազմակերպություններ փորձում են հասնել ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկմանը, որպեսզի հնարավոր լինի օրինական ճանապարհով Հյուսիսային Կորեա հասցնել բժշկական սարքավորումներ և դեղորայք: