Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանը մարտի 27-ից` վաղվանից, դադարեցնում է չարտերային և կանոնավոր միջազգային ավիահաղորդակցությունը: Բացառություն կկազմեն ռուսաստանցիների տարհանման նպատակով ու կառավարության առանձին որոշումներով չվերթները:
Վարչապետ Միխայիլ Միշուստինը մի շարք գերատեսչությունների հանձնարարել է ցուցակագրել այս պահին արտասահմանում գտնվող ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք:
Նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին դիմելով ռուսաստանցիներին, հայտարարել է, որ հետաձգվում է սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն: Համաճարակի տարածումը կանխելու նպատակով մայրաքաղաք Մոսկվայում մեկ շաբաթով փակվել են ռեստորանները, սրճարանները, խանութները, ժամանցի վայրերը, կրթական հաստատությունները: