Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններ. Մեկուսացման պահանջները խախտելու համար պատիժ սահմանելն անհրաժեշտություն էր


Լուսանկարը` կառավարության սոցիալական ակցիայի շարքից, 23 մարտի, 2020թ.
Լուսանկարը` կառավարության սոցիալական ակցիայի շարքից, 23 մարտի, 2020թ.

Մեկուսացման պահանջները խախտելու համար պատիժ սահմանելու օրինագծի ընդունումն անհրաժեշտություն էր, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպաների մի խումբ՝ ընդգծելով՝ որոշումն անգամ մի փոքր ուշացած էր։

Ազգային ժողովի նիստ
Ազգային ժողովի նիստ

Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց արտակարգ դրության պայմանների խստացմանը վերաբերող օրենսդրական փաթեթը։ Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Զարուհի Հովհաննիսյանը ցավով նշեցին՝ մարդկանց պետք է ստիպել, քանի դեռ նրանք ինքնուրույն չեն գիտակցում վտանգները։

Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանց

«Եթե մենք ունենայինք ժամանակին, մենք չէինք ունենա հայտնի իրադարձությունները` քեֆ-ուրախությունները, չէինք ունենա, նույն «Ազատության» եթերում տեսել եմ վերջերս, հոգեհանգստի հետ կապված արարողությունները, այնպես որ մենք կունենայինք զսպիչ ուժ: Ես կարծում եմ, որ մի փոքր ուշացել ենք, բայց հիմա էլ կարծում եմ` ժամանակին է», - ասաց Կարապետյանցը:

Զարուհի Հովհաննիսյան
Զարուհի Հովհաննիսյան

Հովհաննիսյանն էլ նշեց. - «Կարծում եմ` այո, անհրաժեշտ է նման գործողություններ իրականացնելը, բայց այստեղ խնդիր է, թե ինչ չափով ենք իրականացնում, և կարծում եմ` մի փոքր խիստ են, իհարկե, այն պարագայում, երբ մենք դիտարկում ենք, որ խոսքը հիվանդության մասին է»:

Քրեական օրենսգրքում լրացմամբ նվազագույնը 1 ամիս կալանք, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, եթե մարդը այլոց վարակում է կորոնավիրոսով։

«Եթե դիտարկում ենք տարբեր երկրների փորձը, ապա օրինակ` Ֆրանսիայում ևս այս օրերին ընդունվում է այդ փաթեթը, և այնտեղ ևս քրեականացում նախատեսվում է, առավելագույնը 6 ամիս ժամկետով: Համեմատելու համար ասեմ, որ այստեղ շատ ավելի խիստ է դիտարկվում»,- նկատեց Հովհաննիսյանը:

«Փորձեք տեսնել, թե ինչ է կատարվում օրինակ` Իտալիայում, և հասկանալ, թե մեր փոքր մարդկային ռեսուրս ունեցող, առհասարակ փոքր ռեսուրսներ ունեցող երկրի համար ինչ մեծ ու արտառոց վտանգ կարող են հանդիսանալ նման տիպի վարակներն ու անպատասխանատվությունն այս իրավիճակի նկատմամբ: Այո, կան իրավիճակներ, երբ մարդու իրավունքը կարող է սահմանափակվել», - հավելեց Կարապետյանցը:

Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան

Խորհրդային տարիներին այլախոհության համար ազատազրկված մեկ այլ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, այդուհանդերձ հույս ունի, որ գործը մեծ տուգանքների և քրեակատարողական հիմնարկներին չի հասնի. - «Քրեական պատասխանատվությունն այստեղ երևի թե պետք է դիտարկենք որպես երկրորդական, նույնիսկ կարծում եմ` կարող էր և չլինել: Պետք է լինեն ինչ-որ լծակներ, ինչ-որ գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ստիպել մարդկանց ինքնամեկուսանալ: Այս վիրուսի դեմ պայքարի կամ կամայական համաճարակի դեմ պայքարի, երևի թե ապագայում շատ են լինելու այդպիսի բաներ, գլխավոր գործիքը երևի ինքնամեկուսացումն է, ոչ թե մեկուսացումը: Մարդիկ պիտի հասկանան, որ իրենք պետք է շահագրգռված լինեն ոչ միայն չվարակվելու, այլև չվարակելու»:

Մեկուսացման պահանջը խախտելու համար նվազագույն տուգանքի չափն է 100.000 դրամը, առավելագույնը՝ 1 միլիոն դրամը։ Իրավապաշտպաններն այստեղ, սակայն, խնդիր են նկատում. խոցելի կետեր կան։ Ի՞նչ անի աշխատողը, եթե ստացել է ինքնամեկուսացման պահանջ, մյուս կողմից էլ գործատուն պահանջում է աշխատանքի ներկայանալ, հակառակ դեպքում սպառնում է զրկել թե՛ աշխատանքից, թե՛ աշխատավարձից:

«Այստեղ, իհարկե, ոտնահարվում են, և այստեղ է, որ մենք պետք է խոսենք պետության դերի և պետության նշանակության մասին. պետությունը միայն նրա համար չի, որ մարդուց պահանջի, մարդուն մեկուսացնի, մարդուն զրկի, պետությունը վերջին հաշվով պետք է նաև ծառայի մարդուն», - շեշտեց Հարությունյանը:

Իրավապաշտպանները վստահ են՝ պահանջներ սահմանելուց բացի պետությունը պետք է նաև պայմաններ ստեղծի։

«Ինչպե՞ս պետք է մարդը ապրի այդ պայմաններում՝ տարրականորեն լուծելով իր տնտեսական ամենօրյա խնդիրները, ես կարծում եմ, որ պետք է այդ հարցն առավել խստորեն դիտարկվի, որը դեռևս հստակորեն մենք չենք տեսնում որպես քաղաքականության մշակում կամ այդ մշակման տեսանելի հիմքեր», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նինա Կարապետյանցն էլ նշեց. «Հատկապես օրավարձով որոշակի պայմաններում աշխատող մարդկանց օրվա հացի խնդիրը լուծել, որովհետև, եթե ես փակվեցի, օրինակ, տանը, դուրս չեկա, և մեկ ընտանիքից բոլորը մեկուսացվեցին, պատկերացրեք՝ օրինակ՝ միայն հաց, զուտ սև հաց առնելու համար որտեղի՞ց պիտի լինի եկամուտ, չի լինելու, և դա խնդիր է առաջացնելու: Պետք է փորձեն օգտագործել, ես կարծում եմ, որ այդ սուղ միջոցները, այո, իշխանությունը առաջարկում է որոշակի միջոցներ, դրանք ապագային միտված են, շատ լավ է, շատ ճիշտ է, բայց նաև այսօրվա հացի խնդրի համար պայքարող մարդկանց խնդիրը պետք է լուծվի»:

XS
SM
MD
LG