Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր Թոֆիք Յագուբլուն


Երեկ երեկոյան Բաքվում ձերբակալվել է հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիք Յագուբլուն:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Յագուբլուն քաղաքի արվարձաններից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ծեծի է ենթարկել Բաքվի բնակիչներ Էլհան և Ջավահիր Ջաբրաիլովաներին: Ադրբեջանական ոստիկանության տեղեկություններով` միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով:

«Յագուբլուն գործում ներգրավվել է որպես կասկածյալ և այժմ գտնվում է նախնական կալանքի տակ», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Արևմտյան իրավապաշտպան կառույցները նախկինում Թոֆիք Յագուբլուին ընդգրկել էին ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակում: Մի շարք այլ հայտնի ընդդիմադիրների հետ նա ձերբակալվել էր 2013-ի հունվարին` Իսմաիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո: Շեքիի շրջանային դատարանը Յագուբլուին դատապարտել էր 5 տարվա ազատազարկման: Ընդդիմադիր գործիչը բանտում անց էր կացրել շուրջ 3 տարի` լքելով այն 2016 թվականի մարտին: Նախորդ տարվա աշնանը Բաքվում կազմակերպված բողոքի ակցիաներից հետո Յագուբլուն կրկին բերման էր ենթարկվել` մի քանի օր անց կացնելով ճաղերի ետևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG