Մեծ Բրիտիանիայում բնակվող հայաստանցի Արթուր Ասատրյանը մեկ շաբաթից ավելի է` կնոջ և երեխաների հետ մեկուսացել է լոնդոնյան բնակարանում: Չնայած տևական ջերմությանը՝ բրիտանացի բժիշկները, ինչպես արդեն աշխարհի շատ երկրներում կիրառվող պրակտիկան է, չեն շտապում թեստ անել՝ պարզելու, թե արդյոք գանգատներ ունեցողը կորոնավիրուսով է վարակված:
«Մեր երեխան ոչ մի սիմպտոմ չունեցավ այդպես էլ: Կնոջս մոտ գլխացավեր եղան և ջերմության առկայություն մինչև 37,5 աստիճան, իմ պարագայում վերջին 4-5 օրը բարձրացում եղավ` մոտավորապես 39 աստիճան, փորձեցի կապվել համապատասխան մարմինների հետ, փորձեցի թեստ հանձնել, փորձեցի ինչ-որ լուծումներ գտնել: Լուծումը նա էր, որ մենակ պարացետամոլ խմեմ, և ջերմությունը կիջնի: Շատ ծայրահեղ դեպքերին են միայն արձագանքում: Ինձ մոտ շատ լուրջ վախ էր ի սկզբանե, դե չգիտես` ինչի մասին է խոսքը գնում: Բանավոր հաստատեց բժիշկ, այո, քո սիմպտոմները նման են կորոնավիրուսի սիմպտոմներին, բայց մոռացի ընդհանրապես թեստ անելու մասին, որովհետև մենք չենք կարող ուղղակի բոլորին թեստ անել, և արդեն քո մոտ գնում է լավացման, պետք չի ոչինչ անել, պետք չի ոչ մի դեղ խմել, բացի նույնպես շարունակել պարացետամոլ ընդունելուց, ջերմությունը կնվազի, ինքն իրեն կանցնի:
Իմ պարագայում ես հազ չունեի, ինձ մոտ հազն առաջնում է այն ժամանակ, երբ փորձում եմ խորը շունչ քաշել», - պատմեց նա:
Միացյալ Թագավորությունում, վերջին տվյալներով, վարակվածների թիվը գերազանցում է երեք հազարը, մահացել է մոտ 150 մարդ: Իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են մտցրել:
Արթուրը ղեկավարում է վարկային կազմակերպություն, աշխատում է տանից․ - «Լրահոսով ասում են` հազար ֆունտ տուգանք, ոստիկանությունը եթե բռնի, սենց կանի, նենց կանի, բայց չեմ կարծում, որ իրենք բոլորին կարող են հետևել, որովհետև պատուհանից նայում ես, այնքան մարդ է ազատ ման գալիս, պետք չի ինչ-որ խուճապի մատնվել, որովհետև մարդիկ ման են գալիս: Տունը նստում ես, իզոլացվում ես, քեզ թվում է` աշխարհի վերջն է, նայում ես` դուրսը ինչ է կատարվում, նորմալ առօրյա կյանքով` ոչ բիզնեսներն են փակ, ոչ ամայություն է, ինչ ուրիշ նկարներով են ցույց տալիս: 11 օր չես կարող մենակ տունը մնալ: Եղել են դեպքեր, որ կես ժամով, մեկ ժամով երեքս միասին` ես, կինս և երեխան դուրս ենք եկել, այգում պտտվել ենք, բոլորից հեռու` բաց տարածությունում, եկեք ենք տուն»:
Հարցին` խանութներում կա՞ ապրանքների մեծ սպառում, ինչպես տեսնում ենք որոշ երկրներում, Արթուր Ասատրյանը պատասխանեց. - «Խուճապ կա, անտեղի խուճապ կա, որովհետև խանութներում միշտ ծանրաբեռնված են այս վերջին 1 շաբաթվա ընթացքում: Մարդիկ գալիս են, դատարկում են խանութները, բայց ինչպես դատարկում են, հաջորդ առավոտը նույնպես լցվում է: Ոչ մի բանի պակաս չկա, ուղիղ խնդիրն այն է, որ լոգիստիկան չեն կարողանում կազմակերպել այսպիսի ծանրաբեռնվածության պայմաններում»: