Կենտրոնական բանկն ունի բազմազան գործիքակազմ ու անհրաժեշտ պահուստները՝ հայաստանյան արժութային շուկան հանգիստ վիճակում պահելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։
Ամերիկյան մեկ դոլարի փոխարժեքը երևանյան փոխանակման կետերում այսօր մոտեցավ 500 դրամ սահմանագծին՝ 497, 498 դրամ էին տալիս մեկ կանաչ թղթադրամի համար։
Հայաստանյան արժութային շուկայում տատանումները սկսվեցին Ռուսաստանում ռուբլու կտրուկ արժեզրկման ֆոնին։ Երեկ մեկ դոլարի դիմաց տալիս էին ավելի քան 82 ռուբլի, երբ մարտի սկզբին դոլարն արժեր 66 ռուբլի։ Թեև այսօրվա ընթացքում ռուսաստանյան արժույթը մասամբ վերականգնեց իր դիրքերը` օրվա ընթացքում մեկ դոլարի դիմաց պահանջում էին 77 ռուբլի։
Ռուբլու արժեզրկումն էլ պայմանավորում են նախևառաջ նավթի գնանկմամբ։ Եթե ամսվա սկզբին Brent տեսակի սև ոսկու մեկ բարելը միջազգային շուկայում արժեր առնվազն 53 դոլար, այսօր այն վաճառվում էր 30 դոլարին մոտ գնով։
Հարցին, թե ներկայիս ճգնաժամային իրավիճակում արդյո՞ք տեսնում է ազգային արժույթի արժեզրկման ռիսկ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանեց. - «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմաձև, բազմազան գործիքակազմ, և գիտեք` նաև պահուստների ինչպիսի մակարդակ ունի Կենտրոնական բանկը: Երբ անցանկալի զարգացումներ լինեն, կամ տատանողականության մեծացում լինի, մենք ադեկվատ գործողություններ կիրականացնենք շուկայում, և կարծում եմ` մեզ ինչպես 14 թվականի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում ռուսական ռուբլու զարգացումներին, ապա տեսեք, մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, ինչը ոչ միայն առողջապահական այս խնդիրների հետ է առնչվում, այլև նավթի գների տատանողականության հետ, և Ռուսաստանի իշխանությունները տարբեր գործողություններն են այսօր իրականացնում և՛ Կենտրոնական բանկը, և՛ կառավարությունը, որպեսզի շուկաները հանգստացնեն»:
«Ազատության» դիտարկմանը, որ 2014 թվականին դրամը 20 տոկոս արժեզրկվեց, և այդպես էլ մնաց. արդյունքում գները բարձրացան, որովհետև Հայաստանը ներկրող երկիր է, և մարդիկ եկամուտների 20 տոկոս կորուստ ունեցան, Արթուր Ստեփանյանն արձագանքեց. - «Եթե վերջին 5-10 տարիների գնաճի վիճակագրությունը նայեք, մենք ամենացածր գնաճային վիճակում գտնվող երկրներից մեկն ենք` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք նշեցիք, 14 թվականից հետո որոշակի արժեզրկումը, սակայն սա գնաճի, այսինքն` մարդկանց գնողունակության վրա էական չի անդրադարձել: Ինչ վերաբերում է փոխարժեքին, ես ասացի, որ մենք հավատարիմ ենք մնալու լողացող փոխարժեքի քաղաքականությանը, բայց պատրաստ ենք անբարենպաստ յուրաքանչյուր զարգացման ժամանակ մեր գործիքակազմը կիրառել և հանգստացնել ֆինանսական շուկաները»:
Ստեփանյանը հավելեց՝ Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում։