Մատչելիության հղումներ

Բայդենի և Սանդերսի դեմ առ դեմ բանավեճի թեմաներից մեկը կորոնավիրուսն էր


Ջո Բայդենի և Բերնի Սանդերսի «արմունկաբարևը», CNN-ի ստուդիա, Վաշինգտոն, 15-ը մարտի, 2020թ․
Ջո Բայդենի և Բերնի Սանդերսի «արմունկաբարևը», CNN-ի ստուդիա, Վաշինգտոն, 15-ը մարտի, 2020թ․

Փրայմերի կորոնավիրուսի ժամանակ. դեմոկրատական թեկնածուներ Ջո Բայդենը և Բերնի Սանդերսը ձեռքերի փոխարեն արմունկներով են իրար բարևել:

Ողջունելու այս ձևը ոչ միայն կատակ է, այլև վիրուսի ժամանակ վարվելակերպի նշան, քանի որ բոլոր բժիշկները զօրուգիշեր հորդորում են միառժամանակ հրաժարվել ձեռքսեղմումներից, գրկախառնվելուց և համբուրվելուց:

Բնական է, որ նախկին փոխնախագահ Ջոյ Բայդենն ու դեմոկրատների շարքերում սոցիալիստի համբավ ունեցող Սանդերսը չեն շրջանցել ԱՄՆ-ում ընդհանրապես առողջապահության և մասնավորապես կորոնավիրուսի թեման:

Ամերիկայում մարտի 16-ի դրությամբ կա մոտ 3 հազար հիվանդ, մահացել է մոտ 7 տասնյակ մարդ:

«Անկեղծ լինենք, խոստովանենք, որ այս կորոնավիրուսը, պանդեմիան ի ցույց է դնում մեր արդիական առողջապահության համակարգի աղաղակող տկարությունն ու անպիտանելիությունը: Այսպես է, որովհետև ունենք մեր դեղագործական արտադրությունը ղեկավարող մի խումբ խաբեբաներ, ովքեր մեզ ամեն օր կեղեքում են», - ասել է Սանդերսը և կշտամբել Բայդենին «Բուժօգնություն բոլորին» անվամբ ծրագիրը ժամանակին մերժելու համար:

Բայդենն իր հերթին քննադատել է ԱՄՆ գործող նախագահին և ներկայացրել է հայեցակարգը, որով անհրաժեշտ է ղեկավարվել այս կարգի ծանր համավարակների ժամանակաշրջանում: Նա պաշտպանել է նախագահ Բարաք Օբամայի օրորք ընդունված մատչելի բուժօգնության ծրագիրը, որը Դոնալդ Թրամփը մերժել է: Բայդենն ասել է, թե ինքն ինչ քայլերի կդիմեր այս ճգնաժամի օրերին:

«Ես արտակարգ ժողովների սենյակ կկանչեի այս ոլորտում Ամերիկայի լավագույն փորձագետներին, կնստեի, նրանց հետ կքննարկեի, կանեի ճիշտ այն, ինչ արել եմ ժամանակին մատչելի բուժօգնության ծրագրով», - նշել է Բայդենը՝ ասելով, որ Իտալիայում, օրինակ, գործում է բուժօգնություն բոլորին, որի ցածր արդյունավետությունն այս օրերին ակնհայտ դարձավ:

Այս բանավեճը պետք է տեղի ունենար Ֆենիքսում, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը՝ փրայմերին անցկացվել է Վաշինգտոնում դռնփակ, առանց հանդիսականների: 77-ամյա Բայդենը և 78-ամյա Սանդերսը քննարկել են նաև արտաքին քաղաքականության հարցեր, սակայն գերիշխողը ներկայիս ներքին կացությունն էր և վարակը:

Բանավեճի ընթացքում երկուսն էլ շատ հարգալից էին միմյանց նկատմամբ: Ըստ վերլուծաբանների, Բայդենի դիրքերն առավել ամուր են, ինչը հավանաբար ըմբռնում են նաև Սանդերսի ճամբարում: Սա նրանց առաջին դեմառդեմ բանավեճն էր:

Ի դեպ, Բայդենն ուշագրավ մեկնաբանություն է արել՝ ասելով, թե պատրաստ է փախնախագահի պաշտոնին կին առաջադրել:

XS
SM
MD
LG