Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նա այժմ Ոստիկանության ռեզերվում է։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Բիչախչյանն ազատվել է մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների արդյունքում։ Այլ տեղեկություն Ոստիկանությունը չի հայտնում։
Մնացական Բիչախչյանն իր պաշտոնանկության մասին մեկնաբանություն չտվեց։
Աշխատանքից ազատվել է նաև Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը։
Փետրվարին Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել։ Ղանաղունյանն իր նամակում պատմել էր Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացիություն ստանալու գործընթացում հանդիպած բազմաթիվ խոչընդոտների մասին։
Նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպիսի խնդիրների պատճառը բացահայտելու և բացառելու համար հանձնարարականներ էր տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ Անձնագրային և վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով։