Մատչելիության հղումներ

Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել


Կանադայից Հայաստան վերադարձած Մարիա Ղանաղունյանը, 26-ը փետրվարի, 2020թ.
Կանադայից Հայաստան վերադարձած Մարիա Ղանաղունյանը, 26-ը փետրվարի, 2020թ.

Կանադայից Հայաստան վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրած նամակի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։

Ղանաղունյանի գնահատմամբ՝ պատկան մարմինները կառուցողական են տրամադրված։

«Շատ արագ և կոնստրուկտիվ ձևով անդրադարձան այս խնդիրներին, փորձեցին պարզել և հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Շնորհակալ եմ ուղղակի, որ շատ կոնստրուկտիվ ձևով փորձում են այս խնդիրները լուծեն», - ասաց Ղանաղունյանը։

Մարիա Ղանաղունյանն իր նամակում պատմել էր Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացիություն ստանալու գործընթացում հանդիպած բազմաթիվ խոչընդոտների մասին։
Նա ներկայացրել էր, որ երեխաներ ունենալուց հետո ամուսնու ազգանունն է վերցրել, և դա անհրաժեշտ էր նաև այստեղ հաստատել, անձնագրային և վիզաների վարչությունից ասել են՝ չեն կարող օգնել, քանի որ չեն կարող հաստատել, որ ինքը Հայաստանում է ծնվել, նրանից փաստաթուղթ են պահանջել, որը Կանադայում չի կիրառվում։

Այնուհետև Ղանաղունյանը գնացել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ, որի ղեկավարն էլ, ըստ տիկնոջ, իրեն վատ է վերաբերվել, անգամ ասել է՝ պետք չէր վերադառնալ Հայաստան, և որ լավ կաներ կրկին վերադառնար այնտեղ, որտեղից եկել է ,և նույն՝ Կանադայում չկիրառվող փաստաթուղթն է պահանջել։

«Ես ում հետ խոսացել եմ և ով որ առնչվել է այդ տիկնոջ հետ՝ նույն վերաբերմունքին են արժանացել։ Ես չեմ կարծում, որ ինքն իր տեղում է նստած», - նշեց Ղանաղունյանը։

Ի վերջո հինգ ամիս տևած այս ոդիսականից հետո Ղանաղունյանին խորհուրդ են տվել Արդարադատության նախարարություն գնալ։ Այնտեղ մեկ ամսում փոխել են կնոջ ազգանունը ամուսնության վկայականում։ Բյուրոկրատական տարաբնույթ քաշքշուկների հանդիպած Ղանաղունյանն արդեն հայկական անձնագիր ունի։

«Այս կամ այն պաշտոնյային գործից հեռացնելը պատասխան չէ, ընդհանուր օրենքներ պետք է գրվեն, օրենքներ պետք է սահմանվեն, պրոտոկոլներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ, ովքեր դրված են, որ մեր նման մարդկանց օգնեն, հասկանան՝ ինչպես օգնեն, բուն խնդիրը դա էր։ Ես առնչվեցի մարդկանց հետ, ովքեր պատրաստակամ էին, կուզեին օգնեին, ուղղակի չգիտեին՝ ինչպես», - ասաց Մարիա Ղանաղունյանը։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի պետ Գայանե Սաֆարյանը հերքում է՝ Ղանաղունյանին չի հորդորել վերադառնալ Կանադա։

«Խորհրդատվություն ենք տվել, և այն փաստաթղթերը, որը անհրաժեշտ էր գործի համար, իր մոտ առկա չէր, և ինքը մի քիչ վրդովվեց։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր խելամիտ մարդ, եթե առնչվում է քաղծառայողի կամ համայնքային ծառայողի հետ, այդպիսի արտահայտություն անելու ո՛չ կարող էր, ո՛չ իրավունք ուներ, ո՛չ իրեն թույլ կտար», - նշեց Գայանե Սաֆարյանը։

Սաֆարյանն ասում է՝ օրենք կա, կարգ կա, այդուհանդերձ, գործընթացը պարզեցվել է, իրենց գործում հեղափոխական փոփոխություններ են եղել. «Դժգոհությունը առաջանում է նրանում, որ եթե քաղաքացուն բացատրում ես կարգը և ինքը այդ պահին խնդիրներ ունի, ինքը չի կարող ներկայացնել փաստաթուղթը կամ համապատասխան վավերացված չի, համապատասխան թարգմանություն և այլն, ինքը արդեն սկսում է նեղսրտել։ Նեղսրտում են անգամ, եթե սպասում են, որ ներսի քաղաքացին դուրս գա, նեղսրտում են, որ ընդմիջման ժամին աշխատակիցը կարող է օգտվել իր ընդմիջման ժամից։ Դժգոհությունները կարծում եմ ռեալ չեն»։

Նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդիրների պատճառը բացահայտելու և բացառելու համար հանձնարարականներ է տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, շեշտելով. «Խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում»:

Ի դեպ, հենց Սինանյանն է կնոջը հորդորել վարչապետին նամակ գրել, նա ընդգծում է՝ այսպիսի խնդիրներով իրենց շատ են դիմում։

«Սարսափելի պատմություններ են պատմում, թե ինչքան վատ են իրենց վերաբերվում, ամառվա ընթացքում, երբ որ շատ էր հոսքը, շատերը առիթից օգտվելով քաղաքացիություն էին ընդունում և պատմում էին, թե ինչ վատ պայմաններում էին իրենց ընդունել, երբ որ մարդկանց այդ երդման արարողության ժամանակ, պատմում էին, թե այդ շոգ սենյակում սարսափելի՝ 45 աստիճանում ոնց են ստիպել, որ 2 ժամ նստեն, վերջն էլ նույնիսկ անպատշաճ և անպարկեշտ ձևով էր փաստորեն արվել։ Դրա անհրաժեշտությունը չկա, սրանք օբյեկտիվ պատճառ չունեն, պարզապես մոտեցման խնդիր է, պարզապես չկամության խնդիր է, պարզապես աշխատելաոճի և հոգեբանության խնդիր է», - ասաց Սինանյանը։

Հայրենադարձությանն առնչվող բոլոր գործընթացները պետք է հաճելի ձևով իրականացնել, հայրենադարձությունը իրականություն դարձնելը ազգային անվտանգության խնդիր է, ասում է Զարեհ Սինանյանը։

«Մենք որպես պետություն, որպես ազգ շահագրգռված ենք, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան իրենց հայրենիք, և ցավոք մենք դեռ չենք հասել այն կարգավիճակին, որ մարդիկ երկար հերթ կանգնեն ու միլիոնավոր մարդիկ ուզենան գան ու մենք որոշենք՝ ում ոնց ենք ընդունում, մեզ էլ կարողանանք էդ «հաճույքը թույլատրել», որ կոպտենք մարդկանց», - ընդգծեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG