Արձագանքելով ԱՄՆ նախագահի որոշմանը՝ Եվրամիության (ԵՄ) խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այն ներկայացրել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Էրիկ Մեյմերը:
«Կորոնավիրուսը գլոբալ ճգնաժամ է, այն չի սահմանափակվում որևէ աշխարհամասով և պահանջում է համագործակցություն, այլ ոչ թե միակողմանի գործողություններ: Եվրամիության համար անընդունելի է, որ ճամփորդությունների արգելքի ԱՄՆ-ի որոշումն ընդունվել է միակողմանի և առանց խորհրդակցությունների: Եվրոպական միությունը խիստ միջոցների է դիմում՝ սահմանափակելու վիրուսի տարածումը», - նշված է Եվրամիության ղեկավարների հայտարարությունում:
Թրամփը, հայտարարելով Եվրոպայից ԱՄՆ ճամփորդությունները 30 օրով արգելելու մասին, նաև մեղադրել էր Բրյուսելին՝ ասելով, թե ԵՄ-ն անհրաժեշտ միջոցների չի դիմել, ինչպես Ամերիկան՝ կանխելու վիրուսի տարածումը:
Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակն ասել է, որ Թրամփի որոշման հետ կապված առաջիկա օրերին քայլեր կարվեն՝ մասնավորապես տնտեսության, ինչպես նաև կառավարության աջակցության հարցերի շուրջ: Նրա ասուլիսի ժամանակ դահլիճում գտնվողներից մեկը փռշտացել է:
«Ամեն ինչ կարգի՞ն է», - ժպտալով հարցրել է բանախոսը:
Եվրոպական խոշոր օդանավակայաններում՝ մասնավորապես Փարիզի, Բրյուսելի, Ֆրանկֆուրտի, որտեղից չվերթներ կան դեպի Միացյալ Նահանգներ, ուղևորներն անորոշության մեջ են ընկել:
«Արդյո՞ք պետք է մնամ, թե՞ կարող եմ գնալ», - տարակուսում է Փարիզի օդանավակայանում գտնվող ուղևորը:
Ֆրանկֆուրտի օդանավակայանում ուղևորներից մեկի կարծիքով՝ դժվար է ասել, թե Միացյալ Նահանգները կարող է ինքն իրեն այնպես մեկուսացնել, որ խուսափի կորոնավիրուսից. - «Ես գտնում եմ, որ դա չափազանցված միջոց է, և չեմ կարծում, թե դա լավ է նրանց համար, նրանց տնտեսության համար»:
Մեկ ուրիշ ուղևորի կարծիքով՝ պետք չէ անհանգստանալ. - «Այդ միջոցները գուցե և լավ լուծում են, բայց վախենալ պետք չէ, պարզապես պետք է ձեռքերը լվանալ, կարծում եմ՝ այս պահին սա պարզապես խուճապ է, իրոք չեմ կարծում, թե պետք է անհանգստանալ», - ասել է Ֆրանկֆուրտի օդանավակայանի ուղևորը:
Մինչ համատեղ հայտարարությունը Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը Թվիթերում գրել է, թե Եվրամիությունն այսօր կքննարկի եվրոպացիների մուտքը Ամերիկա 30 օրով արգելելու ԱՄՆ նախագահի որոշումը՝ նշելով. «Տնտեսական ցնցումներից անհրաժեշտ է խուսափել»:
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը 4,5 տոկոսով ընկել է՝ մեկ բարելի գինը՝ 34 դոլար:
Ամերիկացիներին ուղղված Թրամփի ուղերձից հետո վարչակազմը պարզաբանել է, որ Եվրոպայից Ամերիկա ճամփորդության ժամանակավոր, մեկամսյա արգելքը չի վերաբերում Բրիտանիային, Իռլանդիային, ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող մարդկանց, որոնք երկիր կմտնեն ստուգվելուց հետո:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ Եվրոպայում կորոնավիրուսի ավելի քան 17 հազար դեպք է գրանցվել, մահացել է 700-ից ավելի մարդ: