Մատչելիության հղումներ

«Եթե մենք կզգանք, որ ինչ-որ բան էն չի, այդ մասին կիրազեկենք». Փաշինյան


Վարչապետի գլխավորությամբ «Այո»-ի քարոզարշավն այսօր Վայոց ձորում է, մեկնարկը տրվեց Ջերմուկ քաղաքից։

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ կորոնավիրուսի գրանցված երեք դեպքերին՝ հստակեցնելով, որ այս պահին հանրահավաքային քարոզարշավը դադարեցնելու անհրաժեշտություն նրանք չեն տեսնում։

«Մեզ համար չի կարող լինել որևէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը։ Եթե մենք կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողնի, որ ուրիշ որևէ մեկը մեզնից առաջ որևէ որոշում կայացնի, մենք այդ մասին կիրազեկենք», - ասաց վարչապետը։

Ջերմուկում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ամուլսարի հարցին։ Նա ընդգծեց, որ եթե չլիներ հեղափոխությունը, Ամուլսարն արդեն շահագործվող հանք կլիներ։ Փաշինյանը նշեց՝ եթե իրենք իմանան, որ բնապահպանական խնդիրներ կան, ապա որևէ ձևով թույլ չեն տա հանքի շահագործումը։

«Կարող եմ վստահ ասել, որ Ամուլսարի հարցով եթե ոչ միակ, ես այն քիչ մարդկանցից եմ, որ չունեմ ոչ մի շահագրգռություն, բացի Հայաստանի Հանրապետության շահի շահագրգռությունը, ոչ մի շահագրգռություն», - ասաց վարչապետը։

Հայաստանի կառավարության ղեկավարը խոսելով անկախ դատական համակարգից՝ նշեց, որ իրենց նպատակը մեկն է՝ ունենալ բոլոր կողմերից ազդեցությունից զերծ դատական համակարգ։

«Մենք ոչ թե ասում ենք՝ մենք ուզում են մտնենք դատական իշխանության դաշտ, մենք ասում ենք՝ դատարանները թող քաղաքականությունից դուրս գան, գնան իրենց գործով զբաղվեն, մենք՝ մեր գործով, իրենք՝ իրենց գործով։ Ոնց որ էն կինոյի մեջ ասում է՝ «музыкант չզբաղվել политика», հիմա ի՞նչ ենք ասում՝ Հրայր Թովմասյան չզբաղվել политика», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև խոսեց Հրայր Թովմասյանի քաղաքականացված լինելու մասին՝ նշելով, որ նոր Սահմանադրական դատարանը չի կարող լինել քաղաքականացված, և իրենք դրա երաշխավորն են լինելու։

«Էդ մարդիկ մշտապես փաթեթավորել են իշխանության որոշումները, էդ իշխանությունը գնացել է, իրենց հաճախորդը հեռացել է, իրենք էլ պետք է հեռանան», - ասաց նա։

Վայքում Փաշինյանը անդրադարձավ նաև այսպես կոչված հեղափոխության պաշտպաններին՝ նշելով, որ ատելության և բռնության քարոզ տարածողները չեն կարող որևէ առնչություն ունենալ հեղափոխության հետ, ապա հավելեց՝ այն մարդիկ, ովքեր հեղափոխության արժեքները չեն կիսել հետհեղափոխական Հայաստանում, հենց իր կողմից հեռացվել են աշխատանքից։ Վարչապետն ասաց, որ այդ մարդիկ սպայի պատվից խոսել չեն կարող։

Հիշեցնենք՝ սպայի պատվից խոսել էր Արթուր Վանեցյանը, երբ հեռացվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց այն մասին, որ կան ուժեր, ովքեր օտարերկրյա պետությունների մայրաքաղաքներում ավելի շատ են գիշերում, քան Հայաստանում, և նրանց համար Հյուսիսի, Արևելքի, Արևմուտքի աջակցությունը շատ ավելի կարևոր է, քանի որ նրանք չունեն Հայաստանի ժողովրդի աջակցությունը և այդ աջակցությունը փնտրում են այլ երկրների մայրաքաղաքներում։

«Առավոտից իրիկուն իրանց տանն ավելի շատ չեն քնում, ինչքան քնում են օտար երկրների մայրաքաղաքների հյուրանոցներում ու օտարերկրյա պետությունների իշխանությունների դռների տակ՝ անինքնասեր, անողնաշար։ Մի հատ էլ գալիս են ասում են՝ «պատիվ ունենք», դուք պատիվ չունեք, դուք պատիվ չունեք և ձեր պատիվը ծախել եք վաղուց օտարներին, դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, դուք Հայաստանում կողմնակից չեք ունենալու, դուք Հայաստանում ասելիք չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու, դուք հայ ժողովրդի առաջ պատասխան եք տալու հատիկ առ հատիկ», - հայտարարեց վարչապետը։

XS
SM
MD
LG