Մատչելիության հղումներ

Դպրոցի տնօրենները վստահեցնում են, որ նորմալ դասապրոցես են իրականացնում


Մեկ շաբաթյա դադարից հետո այսօր վերսկսվեցին դասերը Հայաստանի դպրոցներում ու բուհերում։ Կորոնավիրուսի դեպքի մասին հայտնի դառնալուց հետո իշխանությունները որոշել էին տեղափոխել գարնանային արձակուրդը՝ մարտի 2-ից մինչև նախորդ շաբաթվա ավարտ։

Չնայած նոր կորոնավիրուսով վարակված ընդամենը մեկ քաղաքացի կա, այդուհանդերձ, որոշ ծնողներ երեխաներին դասի դեռ չեն ուղարկում, տնօրենների խոսքով՝ դեռ մտավախություն կա։

«Դպրոցում ունենք 1225 աշակերտ, որից բացակա է ընդամենը 123 աշակերտ։ Հետաքրքրվել ենք. 80 աշակերտ հիվանդ են, 40 աշակերտ էլ պարզապես երկուշաբթի է, անհանգստացել են ծնողները, չեն ուղարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց թիվ 197 հիմնական դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը՝ վստահեցնելով, որ նորմալ դասապրոցես են իրականացնում. - «Այս արձակուրդի օրերին ամբողջ դպրոցը մաքրել ենք, բոլոր տեսակի հեղուկներով մաքրվել են բոլոր դասարանները, սանհանգույցները»։

Տնօրենի խոսքով, գրեթե բոլոր աշակերտների մոտ «ալկոգել» և այլ ախտահանիչներ կան, հիգիենան պահպանված է։

Նույն դպրոցի բուժքույր Հասմիկ Կարապետյանը հավելում է, որ առավոտյան, երբ երեխաները դասի են գալիս , մուտքի մոտ այսպես ասած «ֆիլտր» են իրականացնում, սա անում են բոլոր դպրոցներում. - «Կանգնում ենք դպրոցի մուտքի մոտ և վերահսկում ենք դպրոց մտնող բոլոր երեխաներին։ Եթե զգում ենք, որ կա խնդիր կամ գրիպով ներս են մտել, մեկուսացնում ենք, զանգում ենք ծնողին և ուղարկում ենք տուն»։

Երևանի մեկ այլ՝ համեմատաբար ավելի փոքր թիվ 39 դպրոցում 176 աշակերտներից 38-ը դասի չի եկել։ Տնօրեն Անահիտ Բաբայանը «Ազատությանն» ասաց. - «Հաստատագրված չեն դեռևս պատճառները, բայց դասղեկները կապ են հաստատել և պարզել, որ հիմնականում մտավախությունն է ծնողների։ Կարծում եմ, առաջիկա օրերին բացակայության թիվը կնվազի»։

Բաբայանն ասաց նաև, որ հորդորում են ծնողներին երեխաներին դասի չուղարկել, եթե նրանց մոտ շնչառական վարակների ախտանիշներ կան. - «Դպրոցում բոլոր միջոցառումները ձեռնարկված են թե՛ մինչև արձակուրդը, թե՛ հիմա։ Ախտահանման բոլոր միջոցառումները կատարվում են, օրը մի քանի անգամ նույն ախտահանումը կատարվում է»։

Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում էլ աշակերտների ընդհանուր թվի շուրջ 20 տոկոսը դասի չի եկել։ Դպրոցի տնտեսվար Կարինե Առաքելյան. - «Մենք շաբաթ-կիրակի կատարել ենք մեծ աշխատանք, ամբողջ դասարանների սեղաններն ախտահանել ենք, մակերեսները, բռնակները, պատուհանագոգերը»։

XS
SM
MD
LG