Մատչելիության հղումներ

«Դալի-Պիկասո» ցուցահանդեսում ներկայացված է մեծ նկարիչների 260-ից ավելի ստեղծագործություն


Ազգային պատկերասրահի շենքը Երևանում, արխիվ
Ազգային պատկերասրահի շենքը Երևանում, արխիվ

20-րդ դարի երկու մեծագույն արվեստագետները՝ Սալվադոր Դալին և Պաբլո Պիկասոն իրենց կյանքի ընթացքում երբեք համատեղ ցուցահանդես չեն ունեցել, բայց ահա այսօր առավոտվանից Ազգային պատկերասրահում «Դալի-Պիկասո» խորագրի ներքո բացվեց նրանց աշխատանքների համատեղ ցուցահանդեսը, որտեղ ավելի քան 260 ստեղծագործություն է ներկայացված՝ քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և խեցեղեն:

Այս ցուցահանդեսում ներկայացված է «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի հավաքածուն, որը ստեղծվել է 15 տարիների ընթացքում։ Ի դեպ, այս հավաքածուն Դալիի քանդակների, նաև Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենախոշոր հավաքածուն է։

Հավելենք, նաև, որ «Դալի-Պիկասո» նորաբաց ցուցահանդեսի շնորհիվ հայ հասարակությունը հնարավորություն է ստանում ծանոթանալու 20-րդ դարի խոշորագույն արվեստագետների բազմաթիվ ստեղծագործություններին։

«Ազատության» հետ զրույցի ընթացքում Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ասաց, որ գաղափարը ռուս-հայկական բարեգործական, այսպես ասած, ընկերության ղեկավարինն էր, և նա «դիմել էր իր ընկերոջը՝ Շադրինին՝ ասելով՝ «ամեն տեղ անում ես միջոցառումներ, ինչի՞ չես անում Հայաստանում», և ինձ մոտ եկավ Շադրինը Մոսկվայի տան տնօրենի հետ, և մենք միասին որոշեցինք այս գեղեցիկ ցուցահանդեսը կազմակերպել»։

Ծատուրյանը նշեց, որ ցուցահանդեսը տևելու է երկու ամիս։

«Ազատության» հարցին, թե հանրությունը ինչպե՞ս է ընկալելու այս ամենը, Ազգային պատկերասրահի տնօրենը պատասխանեց. «Շատ դժվար հարց եք տալիս, միանշանակ շատերը անվան վրա կգան, շատերի համար առաջին ծանոթությունը կլինի այս մեծագույն երկու իսպանացիների արվեստի հետ՝ մեծն մտածող, ֆանտազյոր Դալիի և ուժեղ վրձնահար, լավ գեղանկարիչ Պիկասոյի։ Տարբեր խառնվածքի, տարբեր ձևի մարդիկ են իրենք երկուսն էլ, և դա արվեստում էլ է զգացվում, այստեղ կտեսնեն այդ հակադրությունները միանշանակ»։

XS
SM
MD
LG