Մատչելիության հղումներ

Ազգային պատկերասրահում կբացվի «Դալի և Պիկասո» խորագրով ցուցահանդես


Ի տարբերություն նախակրթական, հանրակրթական և բուհական հաստատությունների, որոնք այս շաբաթ չեն գործում կորոնավիրուսի վտանգի հետ կապված, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը որոշում ընդունեց թույլատրել մշակութային հաստատությունների գործունեությունը։ Եվ ահա մարտի 7-ից Ազգային պատկերասրահում «Դալի և Պիկասո» խորագրի ներքո կբացվի մի աննախադեպ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն 20-րդ դարի երկու մեծագույն արվեստագետների 260 ստեղծագործություն՝ գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և խեցեղեն։

Այս ցուցահանդեսը ներկայացնում է «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի անձնական հավաքածուն, որին մեր արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու երկու ամիս շարունակ՝ Ազգային պատկերասրահում։

Վաղը կեսօրին էլ մի շատ ուշագրավ ցուցադրություն կբացվի Մաշտոցի անվան հին ձեռագրատանը՝ Մատենադարանում, որտեղ կներկայացվի հայկական ամենահին 9-րդ դարի թղթյա ձեռագիր մատյանը։

Այս օրերին Կանանց նվիրված տոների կապակցությամբ նոր ցուցահանդեսներ կբացվեն մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում, նաև՝ Նկարչի տանը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ մարտի 7-ին կներկայացվի Մոցարտի հանրահայտ «Կախարդական սրինգ» օպերան, իսկ մարտի 8-ին էլ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը, որի տոմսերն, ի դեպ, արդեն իսկ ամբողջովին սպառվել են։

Գրականության և արվեստի թանգարանում մարտի 10-ին տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող, հրապարակախոս Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին։ Առհասարակ այս տարին չափազանց հագեցած է լինելու թանգարանի համար, «Ազատության» հետ զրույցի ընթացքում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսում ենք մի քանի տասնյակ միջոցառում, եթե այդ մասնաճյուղերով ընդհանուր հայտարարն ասեմ, շուրջ 400 միջոցառում։ Ըստ երևույթին, մեր այս ակտիվությունը՝ նախորդ տարիների, հիմք հանդիսացավ, որպեսզի մեր վերադաս նախարարությունը մեզ համար այդքան միջոցառում նախատեսի, այսինքն՝ մենք արդեն լիարժեք մրցակից ենք թատերական և համերգային կազմակերպությունների, որքան էլ որ թանգարանի էությունը արխիվների մշակումն է, պահպանումը և շրջանառումը։ Իհարկե, պարտադիր այդ միջոցառումների առանցքում տարվա հոբելյաններն են ընկած, մի քանի տասնյակ դարձյալ երևելի անուններ՝ գրականության, թատրոնի, կինոյի և երաժշտության ասպարեզներում ստեղծագործած, մեծ վաստակ թողած։ Այդ 400 միջոցառումը, որ ասացի, պարտավորվել ենք 2020 թվականի համար, տարին 365 օր ունի, եթե մենք ամեն օր կամ օրը մի քանի միջոցառում անենք, այդպես հնարավոր էլ չի, այսինքն տասնյակ ու տասնյակ միջոցառումների համար, առավել ևս ցուցադրությունների համար մենք դա համատեղ ենք անում։ Այսինքն՝ ինչպիսի միջոցառում էլ լինի, անհնար է, որ դրանց առնչվող նյութեր մեր ֆոնդերում չլինեն, և մենք սիրով տրամադրում ենք, դառնում ենք շատ միջոցառումների պարագայում համակազմակերպիչ», - նշեց Վարդանյանը։

Դե իսկ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գործում է հանրահայտ Սմիթսոնյան թանգարանը, որտեղ էլ փետրվարի 29-ից մեկնարկեց հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա հոբելյանին նվիրված մշակութային փառատոն՝ «Մեկ դար միասին» խորագրի ներքո։

Փառատոնի շրջանակներում մարտի 4-ին Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի ունեցավ մեծ համերգ, որին ներկա էին հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ։

Փառատոնի շրջանակներում նախատեսված է նաև հայկական ֆիլմերի փառատոն՝ «Հայոց ոդիսականը՝ Նռան գույնը» խորագրի ներքո։ Հայկական մշակութային փառատոնը Միացյալ Նահանգներում կավարտվի մարտի 14-ին՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում՝ ամերիկահայ անվանի կինոգործիչ Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG