Մատչելիության հղումներ

«Իմ քայլը»՝ 80 պատգամավորներով, գյուղ առ գյուղ ու տնետուն արդեն պիտի պտտված լիներ. Արամ Մանուկյան


«Տնետուն, գյուղ առ գյուղ մարդիկ պիտի մտնեն, բացատրեն՝ ինչ է այդ հանրաքվեն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Իշխանությունը գյուղեգյուղ արդեն այդ 80 դեպուտատներով պիտի պտտված լիներ, մի հատ երկրորդ անգամ պտտվեր, երրորդ անգամ։ Տնետուն, գյուղ առ գյուղ մարդիկ պիտի մտնեն, բացատրեն՝ ինչ է այդ հանրաքվեն, ինչի համար է, ու սա սովորական քվեարկություն չէ, որ դրանից կախված է այս իշխանության ապագան, այս երկրի հեռանկարը, այն հանցագործների պատժելու հեռանկարը, սա լրջագույն քաղաքական առաջադրանք է, որ իրենք պետք է կատարեն, որպեսզի ամսի 5-ին ժողովուրդն արդեն հասկանա՝ ինչի է գնում, գնա գիտակցված քվեարկության։ Առայժմ այդ գործը չի երևում», - ասաց Մանուկյանը։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահն ընդգծեց. «Հանձնաժողովների ձևավորումը, որն ավարտվեց, փաստորեն, ցույց է տալիս, որ ամեն տեղամասում, որոնք յոթ հոգուց են կազմված, հինգը «Ոչ»-ի կողմնակիցներ են, երկուսը՝ «Այո»-ի, որովհետև ընտրատարածքային հանձնաժողովները նշանակել են իրենց բազայից դաշնակներին, ՕԵԿ-ին, հանրապետական կուսակցականներին, և նրանցով է լրացվել հանձնաժողովների ամբողջ կազմը։ Այդ մարդիկ մոտավորապես 6 հազար հոգի են կազմում ամբողջ հանրապետությունում»։

Արամ Մանուկյանը նշեց՝ նրանց մեջ մեծ քանակ են կազմում այն մարդիկ, որոնք ոչ միայն 2018 թվականին, այլ դեռ «Սերժ Սարգսյանի ժամանակվանից նշանակվածներ են և կեղծիքի հեղինակներ են»։

«Բազմաթիվ դեպքեր, բազմաթիվ բաներ կա, որ իրենք են կազմակերպել կեղծիքների ընտրությունը 2008-ին», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Երկու տարի իշխանություն ունեցող քաղաքական ուժը, ըստ Մանուկյանի, պետք է մաքրեր կեղծիք անողներին. «Ընտրական ցուցակները պետք է մաքրեր, ինչը չեն արել, և ձևավորեր հանձնաժողովներ, որոնք «Այո»-ի և «Ոչ»-ի հավասարակշռությունը պետք է պահեին։ Սա է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաքելությունը, սա է ընդհանրապես օրենքի, օրենսդրության և պետության դերը, որպեսզի երկու կողմերի հավասարակշիռ ներկայացվածությունը հանձնաժողովներում լինեն»։

«Այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են «Ոչ»-ի թիմում իրենց, նրանք այսօր քաղաքական գործոն են, և հենց այդ մարդիկ են ընդգրկվել հանձնաժողովներում։ Իմ մոտ զգացողություն կա, որ մի տեսակ թեթև են վերաբերվում այս ամենին, մի տեսակ լրջության այն անհրաժեշտ քանակը չկա, այն քաղաքական գործընթացը, որ հիմա գնում է և դրա հետևանքով ինչ կարող է լինել, եթե, ասենք, «Ոչ»-ը հաղթի։ Սա սովորական հանրաքվե չի, սովորական Սահմանադրական դատարանի անդամների խնդիրը չի, սա հեղափոխության շարունակականությունն է։ Մենք ուզո՞ւմ ենք, որ հեղափոխությունը շարունակական լինի, ուրեմն՝ հին իշխանությունների հետ հարցերը պիտի մաքրես», - նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Արամ Մանուկյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի այսպիսի գոյությամբ և գործունեությամբ վստահ կարելի է ասել, որ հեղափոխությունը դեռևս լուրջ անելիքներ ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG