Իդլիբում այսօրվանից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որի շուրջ նախօրեին Մոսկվայում պայմանավորվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները:
Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի այդ նահանգում «հարաբերական անդորր» է:
Միևնույն ժամանակ, ըստ նույն աղբյուրի, սիրիական կառավարական զորքերը շարունակում են հրետակոծության ենթարկել նախագահ Բաշար Ասադի հակառակորդների դիրքերը Իդլիբին սահմանակից շրջաններում:
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժի անօդաչու թռչող սարքերը երեկ հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է 21 սիրիացի զինվորական, Թուրքիայի պաշտոնական աղբյուրների վկայությամբ՝ ոչնչացվել է նաև ռազմական տեխնիկա:
Թուրքական կողմի ռազմական գործողությունները իրականացվել են մինչև մոսկովյան բանակցությունները։