Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի հետ «կապեր ունենալ-չունենալը» վեճի առիթ դարձավ խորհրդարանում


Ազգային ժողովի նիստ, 5 մարտի, 2020թ.
Ազգային ժողովի նիստ, 5 մարտի, 2020թ.

Ազգային ժողովում այսօր կրքեր են բորբոքվել: Բուռն վեճի պատճառը, սակայն, ոչ թե քննարկվող օրինագիծն էր, այլ երեկ խորհրդարանի դահլիճում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հասցեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ռեպլիկը, թե նա նախկին հանրապետական է:

Երեկ, երբ քննարկվում էր ապօրինի ծագման գույքը բռնագանձելու մասին օրինագիծը, Գևորգ Պապոյանը ելույթ ունեցավ և խոսում էր այն սողանցքների մասին, որ կան օրինագծում: Նա նշում էր, որ նախկին պաշտոնյաները կարող են իրենց չհիմնավորվող եկամուտները կապել գյուղատնտեսության հետ, որը չի հարկվում և հնարավոր չի փաստացի ստուգել: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հումորով արձագանքեց, թե ինչու է Պապոյանը մեխանիզմներ հուշում, ինչից հետո Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց՝ ՀՀԿ անդամ է եղել: Մարուքյանի խոսափողը միացված չէր, ռեպլիկն ուղիղ եթերում չի լսվել, այլ լսելի է եղել միայն դահլիճում ներկաների համար:

Այսօր այս ռեպլիկին Գևորգ Պապոյանը որոշեց պատասխանել ամբիոնից՝ մեղադրելով Էդմոն Մարուքյանին նախկինների հետ կապերի համար. - «Էդմոն Մարուքյանը, խիստ սրտնեղելով ըստ երևույթին որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում Հանրապետականին անդամակցելու համար՝ հետն էլ նշելով, թե բա կոռուպցիայի հետ կապված այդ հարցերն այն ժամանակ ինչի՞ չէիք բարձրացնում: Հատուկ Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» համար ասեմ, որ մինչև պատգամավոր դառնալս երբևէ չեմ ունեցել պետական պաշտոն, քանի որ ի տարբերություն իրենց՝ չունեի հանրապետական բարձրաստիճան ծանոթ պաշտոնյաներ»:

Կրքերն է՛լ ավելի բորբոքվեցին, երբ Գևորգ Պապոյանը սկսեց հիշել Էդմոն Մարուքյանի ժամանակին պատգամավոր ընտրվելու դրվագը՝ կասկած հայտնելով, որ մեծամասնական ընտրակարգով Մարուքյանի հաղթանակը այդ ժամանակվա իշխանությունների հետ պայմանավորվածությունների արդյունք է եղել:

«Դուք, Էդմոն Մարուքյա՛ն, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էիք ընտրվում և «հաղթում էիք» իշխանության թեկնածուին, միակ դեպքը, ընդ որում, երբ իշխանության թեկնածուն պարտվել է: Գիտե՞ք՝ բոլորովին վերջերս...», - հայտարարեց Պապոյանը, ում ելույթի ընթացքում տեղից արձագանքներ էին լսվում: «Չխանգարեք, հանգստացեք, ձայնդ կտրի, հանգստացեք, թուլացեք ու վայելեք», - հորդորեց Պապոյանը:

Էդմոն Մարուքյանն ասում է՝ պատասխանելու ոչինչ չունի, քանի որ իրենց քաղաքական տրամաչափերը շատ տարբեր են. - «Ամբիոնից անընդհատ Էդմոն Մարուքյան, Էդմոն Մարուքյան ասելով՝ այդ մարդիկ փորձ են անում իրենք դառնալ հայտնի: Եթե դա ճանապարհ է հայտնի դառնալու, պրոբլեմ չկա, թող դառնան հայտնի, բայց ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության միջավայրը, որ այսօրվա իշխանությունը ձևավորել և ամենօրյա ռեժիմով սնուցում է և ընդ որում չի կարող ասել՝ գիտեք՝ եսիմ ով է, օգտատեր չգիտեմ ովն է գրում, իրենք են ամբողջ օրն անում, անում են, դրա համար պատասխան են տալու, դրա համար պատասխանատվություն են տալու:

Գիտեք՞՝ այս թեման ինչից է բացվել, երբ մեզ ասում են՝ դուք նախկիններին եք աջակցում, սուտ, կեղծ լուրեր են տարածում, դե որ ասում են՝ հանրաքվեի նախագիծ ենք բերել, մենք համաձայն չենք, մենք այս ձևով ենք տեսնում, ասում են՝ այ, ուրեմն դուք նախկիններին, մենք ասում ենք՝ եղբա՛յր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես, այ էտտեղից է թեման բացվել, իրենք նախկին են, եկել, մեզ ասում են՝ դուք նախկիններին եք... Մի հատ ձեր մեջի նախկիններին գտեք, մի հատ ձեր մեջի Հրայր Թովմասյան ընտրողների հետ խոսացեք, եկել, ի՞նձ եք ասում, որ ես Հրայր Թովմասյանին դեմ եմ քվեարկել», - ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է իր ընտրությանը, նա շեշտեց. - «Վիկտոր Դալլաքյանին ես երբ որ հաղթել եմ, դա Հայաստանում եղել է ցնցող մի դեպք, և դրանով քաղաքական համակարգում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև այն անհնարինության կոմպլեքսը, որ անհնար է մեծամասնական ընտրակարգով ընտրվել, կոտրվել է: Գնացեք Վանաձոր, հարցրեք՝ ո՞նց է Էդմոն Մարուքյանը հաղթել»:

Գևորգ Պապոյանն ասում է՝ պատասխանել է շահարկումներին. - «Տեսեք՝ հանրապետական լինելը որևէ անձի համար, այսինքն՝ կոմունիստ լինելը, ՀՀՇ-ական լինելը, ՀՅԴ-ի անդամ լինելը, ընդհանրապես որևէ կուսակցության անդամ լինելը ես չեմ համարում վիրավորական: Ես պատասխանել եմ, որովհետև դա շահարկվում է իր կողմից, որ ես եղել եմ անդամ և նախորդ իշխանությունների հետ համագործակցել եմ»:

Ուշագրավ է, որ այս փոխադարձ կշտամբանքներով վիճաբանությունն այսօր տեղի ունեցավ, երբ քննարկվում էր ատելության քարոզի դեմն առնելուն ուղղված օրինագիծը:



XS
SM
MD
LG