Մատչելիության հղումներ

ՀԱԿ ներկայացուցիչը «տարօրինակ» է որակում Քոչարյանի և փաստաբանների պնդումները


ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյան, արխիվ
ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյան, արխիվ

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում «տարօրինակ» որակեց Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների փաստաբանների պնդումները, թե եթե 11 տարի առաջ 7 ընդդիմադիրների հետապնդումը դադարեցվել է, ապա նույնը պետք է լինի Քոչարյանի և մյուսների դեպքում։

«Ռոբերտ Քոչարյանը կատարել է կոնկրետ արարք։ Այդ արարքը որակվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։ Խոսքը էստեղ չի գնում, ես ուզում եմ՝ այդ պաշտպանները այս հանգամանքի վրա նայեն. Հակոբ Հակոբյանը Սահմանադրական դատարանի լիազորություն չի յուրացրել, Մյասնիկ Մալխասյանը չէր յուրացրել նախագահի լիազորությունները, կամ նրանցից Նիկոլ Փաշինյանը, օրինակի համար, չէր դադարեցրել Սահմանադրության 1-ից 5-րդ կամ 6-րդ հոդվածի առաջին մասի, Ռոբերտ Քոչարյանը իր գործողություններով դադարեցրել է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի առաջին մասի, չեղարկել է այդ հոդվածների իրավական նորմերը», - ընդգծեց Խաչատրյանը։

Նախկին նախագահի փաստաբանները բազմիցս են պնդել, թե ներկայիս Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածն իր հանցակազմով 2008-ին չի եղել, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող այդ հոդվածով մեղադրվել։ Հենց այս պատճառաբանությամբ էլ փաստաբանները դատարանին միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը, այսօր սպասվում է, որ դատարանը կհրապարակի իր որոշումը։

2008 թվականի մարտյան դեպքերից հետո ընդդիմադիրներ, «7-ի գործով» մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին ու մյուսներին մեղադրանք էր առաջադրվել այն ժամանակ գործող օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով, այն է՝ պետական իշխանությունը յուրացնելու՝ 300-րդ, և զանգվածային անկարգությունների՝ 225-րդ հոդվածներով։ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, ինչից հետո պետական իշխանությունը յուրացնելու հոդվածը փոփոխվեց՝ դրա փոխարեն երեք նոր հոդված գրվեց։ Փոփոխություններ կատարվեցին նաև զանգվածային անկարգությունների հոդվածում։

Սերժ Սարգսյանի առաջին ընտրության արդյունքները կասկածի տակ դնող ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը շեշտեց՝ պետական իշխանությունը յուրացնելու մեջ մեղադրվող իր ընկերները հանցանք չեն կատարել առհասարակ։ Եվ սա էր պատճառը, որ Դատախազությունը անգամ չվերաորակեց նրանց արարքը։ Այլ է Քոչարյանի դեպքում, ընդգծում է ՀԱԿ ներկայացուցիչը՝ մանրամասնելով. - «Վարույթն իրականացնող մարմինը նրան կառաջադրեր մեղադրանք 300.1 հոդվածով, ինչպես 225 հոդվածի փոփոխությունից հետո 225 հոդվածի 3-րդ մասով մեղադրվող Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Նիկոլ Փաշինյանին և մյուսներին մեղադրանք առաջադրվեց արդեն նոր խմբագրությամբ»։

Ինչո՞ւ 2008-ի դեպքերից հետո իշխանությունը որոշեց փոփոխել այդ ժամանակ բանտերում գտնվող ընդդիմադիրների հոդվածները։ Սա միջազգային կառույցների ճնշման արդյունք էր, ասաց Արմեն Խաչատրյանը։ «Եվ նրանց ազատելու համար իշխանություններին պետք եղավ նորից քաղաքական որոշման գնալ, և դա՝ քաղաքական ճնշումների արդյունքում։ Քանի որ ուղղակի քաղաքական հայտարարությամբ չէին կարող, բնականաբար՝ պետք էր նաև էդտեղ իրավական գործընթացներ իրականացնել», - նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։

2008-ի մարտյան իրադարձություններից հետո Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի իշխանությանը կոչ էր արել ազատ արձակել այն ընդդիմադիրներին, որոնք, ըստ կառույցի, կալանավորվել էին առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանց, ովքեր անձնապես չէին կատարել որևէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ։ Վեհաժողովն առաջարկել էր փոփոխություններ կատարել ընդդիմադիրներին մեղսագրվող այդ հոդվածներում, քանի որ դրանք հստակ չէին սահմանում մեղադրանքի էությունը։ Արմեն Խաչատրյանը շեշտում է՝ որպեսզի իշխանությունը կատարեր Եվրոպայի խորհրդի պահանջն ու չզրկվեր ԵԽ-ում իր ձայնի իրավունքից, գնաց նման քայլի։

Վենետիկի հանձնաժողովն այս փոփոխությունների մասին կարծիք հայտնելիս շեշտել էր՝ այս հոդվածներում կատարված փոփոխությունները մեղադրյալների համար բարենպաստ կլինեն և կտարածվեն 7 ընդդիմադիրների վրա։ Բայց քանի որ պետական իշխանության յուրացման մեջ մեղադրվող ընդդիմադիրները ո՛չ հին, ո՛չ նոր հոդվածներով սահմանված հանցանք չէին կատարել, Դատախազությունը որոշեց դադարեցնել հետապնդումը, պարզաբանեց ՀԱԿ ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG