Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովի նիստում ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցներն ու նախարարության ներկայացուցիչները համաձայնության չեկան


ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու կառավարության որոշումը, որ շաբաթներ շարունակ թեժ քննարկման թեմա է, և ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների մեծամասնությունն ի նշան բողոքի աշխատանքից ազատման դիմումներ է գրել են, այսօր խորհրդարանի առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում էր։

Հրավիրվել էին նախարարության ներկայացուցիչները, կենտրոնի արդեն նախկին աշխատակից ներկայացողներ, նաև ՄԻԱՎ-ով ապրողների խնդիրներով զբաղվող հասարակական մեկ կազմակերպություն։

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ հրավիրել էին նաև շահառուների մեծ խմբի հետ աշխատող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք հրաժարվել են գալ։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ մի շարք հասարակական կազմակերպությունների քննարկմանը մասնակցելու հնարավորություն չի տրվել՝ այն հիմնավորմամբ, թե այն փակ է։ Եվիրենք մերժել են հրավերն ու դատապարտում են հանձնաժողովի «կողմնակալ ու չհիմնավորված» մոտեցումը։

Քննարկմանը մասնակցող միակ ՀԿ-ի՝ «Դրական մարդկանց հայկական ցանց» կազմակերպության ղեկավար Անահիտ Հարությունյանը կառավարության որոշումը, ծառայությունների ապակենտրոնացումը չի ողջունում։ Նա ասաց, թե հարցում են անցկացրել ու պարզել, որ ՄԻԱՎ-ով ապրողների 96 տոկոսը կտրականապես հրաժարվում է օգտվել մոտակա պոլիկլինիկաներից։

«Վախենում են, որ իրենց կիմանան, իրենց անձը ավելի շատ մարդ կճանաչի։ Պոլիկլինիկաներից բուժում չի տրամադրվելու ՄԻԱՎ վարակակիր անձանց», - հայտարարեց նա։

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը մի քանի անգամ շեշտեց, որ ՄԻԱՎ-ով ապրողների համար ոչինչ չի փոխվում, նրանք պոլիկլինիկա գնալու կարիք չունեն, ՁԻԱՀ-ի կենտրոնի շենքը, սարքավորումները կմնան տեղում. - «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հաջողությունները բազմաթիվ են, շատ գնահատված են։ Համակարգը այս կենտրոնը շատ գնահատում է և փորձում է տարածել կենտրոնի փորձը»։

Նա ասաց, թե չեն ուզում որ ՁԻԱՀ-ի կենտրոնը իր հաջողություններով կղզի մնա, թող կիսվի Նորքի ինֆեկցիոնի հետ, որը սպասարկում է բոլոր վարակիչ հիվանդությունները և ունի բազմաթիվ խնդիրներ։ ՁԻԱՀ-ի կենտրոնը տարիներ շարունակ դրամաշնորհներ է ստանում, նորագույն սարքավորումներ ունի, որից կարող է օգտվել ինֆեկցիոնը։

«Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը տրամաբանական է համարում, որ այդ գումարները ուղղվեն նաև մյուս ոլորտներին։ Օրինակ, ՄԻԱՎ վարակակիրներն այսօր 2700-ն են, իսկ հեպատիտ C-ով ենթադրվում է, որ 120 հազար հայաստանցի կա. - «Ինչո՞ւ չկարողանանք այդ հզորությունները օգտագործել նաև այլ հիվանդների ախտորոշման և բուժման նպատակներով»։

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմումներ գրած աշխատակիցները տարակուսանքով էին լսում այս ամենը։ Բժշկական օգնության և սպասարկման բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը հարցրեց՝ եթե ՁԻԱՀ-ի կենտրոնում ամեն ինչ տեղում է մնում, ինֆեկցիոնի հիվանդները ինչպե՞ս են օգտվելու իրենց սարքերից . - «Ինֆեկցիոնում գտնվող դիզենտերիայով կամ խոլերայով, կամ այլ ինֆեկցիոն հիվանդ ստացող հիվանդը ինչպե՞ս է օգտվելու Աճառյան 2 հասցեում գտնվող... Դա ուղղակի տեխնիկական հարց է, որի պատասխանը մենք չենք ստացել»։

Կենտրոնի համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանն շեշտում է, որ Հայաստանը ՄԻԱՎ-ի ակտիվ գոտում է , մարտահրավերները շատ են, իսկ միավորվելու դեպքում արդյունավետ պայքար համաճարակի դեմ չի լինի. - «Ռուսաստանի Դաշնությունում գտնվում են այսօրվա դրությամբ առնվազն 500 հազար Հայաստանի քաղաքացիներ։ Ինչքանն ա վարակվելով հետ գալու, դա պետք է հաշվի առնել»։

Հանձնաժողովի քննարկման ընթացքում կողմերը համաձայնության չեկան։ ՁԻԱՀ-ի կենտրոնի 108 աշխատակիցներից 86-ը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ մեզ հետ վերջնագրերով են. - «Իր պետական լիազոր մարմնի հետ ոչ կոռեկտ է խոսում այս կենտրոնը և որևէ քննարկման չի գնում»։

Կենտրոնի աշխատակիցները պնդում են, թե որպես մասնագետ իրենց լսող չկա։ Նրանք մտադիր չեն դիմումները հետ վերցնել, իսկ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մտադիր չէ մակագրել դրանք։

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ խորհրդարանական հանձնաժողովի այսօրվա քննարկման արդյունքները կամփոփեն արձանագրությամբ ու կուղարկեն կառավարություն. - «Դիմենք կառավարությանը՝ համապատասխան որոշումը կա՛մ չեղարկելու, կա՛մ թողնելու նույնությամբ»։

Այսօր ՁԻԱՀ-ի կենտրոնում աշխատանքը չի խաթարվել։ ՄԻԱՎ-ով ապրողները անհրաժեշտ դեղորայքը շարունակում են ստանալ. նրանց սպասարկում են ազատման դիմում գրած և չգրած աշխատակիցները։

XS
SM
MD
LG